Երևանը՝ հինավուրց ադրբեջանական հող. այս և մնացյալ ադրբեջանական հայտարարությունները չպետք է համարել զառանցանք, այլ Ադրբեջան պետության հռչակած ռազմավարական նպատակ: Tert.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց հարևան երկրի նախագահի խոսքերը քաղաքական վերլուծաբան Լևոն Շիրինյանը։
«Ալիևը իշխող կուսակցության համագումարում հռչակում է պետության ռազմավարական նպատակները: Ոչ մի քարոզչություն չկա, դա Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որովհետև այդ մարդը կառավարում է այդ երկիրը, և վստահ եղեք, որ կառավարելու է: Սա Ադրբեջան պետության նպատակն է, որ Հայաստանին, հայ ժողովրդին զրկում է մանևրի ցանկացած հնարավորությունից»,–ասաց նա:
Հաճախ պաշտոնական Երևանը Ալիևի ռազմատենչ հայտարարություններին չի արձագանքում։
Մինչդեռ, որոշ փորձագետներ, այդ թվում՝ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, Ալիևի՝ Երևանի հինավուրց ադրբեջանական քաղաք լինելու մասին հերթական հայտարարությանն առաջարկում է ամենայն լրջությամբ վերաբերել` ասելով, որ այն ամենևին էլ նախընտրական չէ, այլ Հայաստանը կործանելու հստակ և հռչակված ռազմավարություն է:
Լևոն Շիրինյանը հիշեցնում է, որ նույնկերպ ժամանակին Հիտլերը հռչակել էր գերմանական պետության նպատակները:
Ի դեպ, քաղաքագետը սա համարում է ոչ թե պանթյուրքիստական ձգտում, այլ զուտ Ադրբեջանի պետական քաղաքականություն և ռազմավարական նպատակ, որն ուղղված է բացառապես Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:
«Սա այն պետության ռազմավարական հռչակված նպատակն է, որն ունի նավթ, հայտնի դաշնակիցներ, այդ թվում՝ այնպիսին, ինչպիսի Ռուսաստանն է: Այստեղ Իրանը խոսք ունի ասելու՝ իրեն ձեռնտո՞ւ է նման Ադրբեջանի հզորացումը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, ու Իրանը պետք է ներքաշվի»,–ասաց նա:
Դիտարկմանը , թե պաշտոնական Երևանն այլևս միջազգային հանրության ուշադրությունը չպե՞տք է բևեռի հակամարտության մի կողմի արած այս հայտարարության վրա, Լևոն Շիրինյանն ասաց. «Պետք է անի, բայց պիտի գիտենա, որ ոչ մի արժեք չունի: Համաշխարհային հանրությունն ուշադիր կլինի՞ մեր նկատմամբ…Սա հռետորական հարց է. համաշխարհային հանրությունն ապրիլյան պատերազմի նախօրեին ի՞նչ արեց»:
Կրկնելով, որ Հայաստանն այլընտրանք չունի` Լևոն Շիրինյանն իշխանությանը կոչ արեց պատրաստվել պատերազմի:
«Մոռանալ անձնական շահերը: Հիմա ժամանակն է՝ դղյակների փոխարեն տանկ գնելու, գիտություն և արդյունաբերություն զարգացնելու: Արդյունաբերություն՝ վերագործարկվող: Շտապ: Ժամանակը չի սպասում»,-ասաց քաղաքագետը:
Նրա հաշվարկներով՝ Ադրբեջանը հռչակված ռազմավարության իրականացման անցնելու է 2018-ի աշնանը:
«Ընտրություններում հաջողությամբ կդառնա նախագահ, կասկած չունենաք: Իրենց ընդդիմությունն ու համաշխարհային հանրություն կոչվածը մի երկու ամիս կբղավեն, որ մարդու իրավունքներ չկան: Մինչև հունիս, աշնանը չոր դուրս կգա ու շատ հավանական է ՝ աշնանը կսկսի:
Լևոն Շիրինյանն այս համատեքստում նկատեց, որ ռուսական զենքի նորանոր խմբաքանակների շարունակական մատակարարումները կարող են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը մտածել տալ, որ բանակը հոգեբանորեն մարտական պատրաստվածության բավարար մակարդակ ունի:
Եթե անգամ լայնածավալ պատերազմ չլինի, Շիրինյանը վստահ է, որ էսկալացիան կլինի ու կլինի: