Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմից» կրած (0:1) պարտությունը:
«Առաջին խաղակեսում բաց թողեցինք 3-4 գոլային հնարավորություն: Վերջին փոխանցումը պարզապես չէր ստացվում:
Գոլ ընդունելուց հետո չկարողացանք հավաքվել և կենտրոնանալ: «Տոտենհեմը» կարող էր ևս մեկ գոլ խփել: Ամեն դեպքում, վերջին 10 րոպեի ընթացքում մենք պարտավոր էինք հավասարեցնել հաշիվը:
Այս խաղում առաջին գոլն առանցքային էր: Ցավոք` գոլ խփեցին «Տոտենհեմի» ֆուտբոլիստները: Քեյնը կարողացավ տարբերություն մտցնել հաշվի մեջ, դա նրա ունակությունն է:
Դիտել եմ տեսակրկնությունը, գոլի դրվագում խախտում չկար, պարզապես կենտրոնական հարձակվողը լավ խաղաց: Մենք կարող ենք մեղադրել միմիայն ինքներս մեզ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն:
Նշենք, որ «զինագործների» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին: