Չինաստանի Գուանսի ինքնավար նահանգի Լյուչժոու քաղաքում բնակվող տղամարդը վերջերս հայտնվել էր տեղական մամուլի ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, տղամարդու ձեռքը խցանվել է հատակին տեղադրված զուգարանակոնքում, երբ վերջինս փորձել է այնտեղից դուրս բերել ընկած iPhone 8-ը:
Թենգ ազգանունով տղամարդը հյուրանոցի սրճարանում է գտնվել ընկերների հետ, երբ մի պահ որոշել է լոգասենյակ գնալ: Բնական կարիքները հոգալիս` չինացին նաև սմարթֆոնով է զբաղված եղել: Այդ պահին էլ նա ձեռքից ցած է գցել իր նոր սմարթֆոնը, որը ձեռք էր բերել 8000 յուանով (1300 դոլար):
Չցանկանալով կորցնել թանկարժեք սմարթֆոնը՝ չինացին փորձել է ամեն գնով ձեռքով հասնել հեռախոսին: Չկարողանալով հասնել դրան՝ նա մինչև ուսը ձեռքը մտցնում է զուգարանակոնքի մեջ և այլևս չի կարողացել դուրս հանել ձեռքը:
Անհարմար զգալով օգնություն կանչել՝ նա 20 րոպե փորձել է ինքնուրույն դուրս գալ ստեղծված իրավիճակից, սակայն գլուխ չհանելով ստիպված օգնություն է կանչել:
Նշվում է, որ Թենգը կկարողանա իր համար նոր սմարթֆոն գնել հյուրանոցից ստացած փոխհատուցման հաշվին: