Իրանը «ծիծաղելի» է անվանել շաբաթ գիշերն իսրայելական օդուժի կողմից երկրի հյուսիսում իրանական անօդաչու որսալու մասին լուրը, որն իբրև արձակվել էր Սիրիայի տարածքից: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին:
«Իրանական անօդաչուի թռիչքի մասին հայտարարությունները չափազանց ծիծաղելի են, որ պատասխանենք դրանց, քանի որ իրանական կողմից Սիրիայում միայն զինվորական խորհրդատուներ են ներկա՝ օրինական կառավարության խնդրանքով», - հեռուստաալիքը մեջբերում է իրանցի պաշտոնյային:
Այսօր ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել էին երկրի հյուսիսային շրջանում իրանական անօդաչու որսալու մասին և ի պատասխան գրոհել են սիրիական Պալմիրայի շրջանում գտնվող անօդաչուների բազան՝ բախվելով հակաօդային պաշտպանության համակարգերի դիմադրությանն ու պայքարում կորցնելով F-16 կործանիչը: