Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը պարզել է, որ ՌԴ կազմի մեջ մտնող Դաղստանի հանրապետության 7 փոխնախարար զբաղվել են անհատ ձեռներեցությամբ՝ այդպիսով խախտելով օրենքը, գրում է РИА Новости գործակալությունը:
Դաղստանի ամբողջ տարածքում իրականացվող օպերատիվ ոստիկանական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հանրապետությունում նկատվել են նաև ազգակցական կապերի հիման վրա պաշտոնական նշանակումներ:
Ներկա պահին Դաղստանում հարուցված է ավելի քան 70 քրեական և 450 վարչական գործ, ինչպես նաև գրանցված է 2500 օրենքի խախտում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դաղստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովի դեմ, որը մեղադրվում է դրամական միջոցների յուրացման համար:
Ոստիկանական գործողության ժամանակ Համիդովի հետ միասին ձերբակալվել են այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ հանրապետության կրթության նախկին նախարար Շահաբաս Շահովը:
Ավելի ուշ մի քանի դաղստանցի պաշտոնյաներ փորձել են լքել Ռուսաստանի Դաշնության տարածքն ու անցնել Ադրբեջան: Այժմ նրանց արգելված է լքել հանրապետության տարածքը: