Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տեղի ջրային աղբյուրների համար կարող է վտանգ պարունակել. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը:
«Ամուլսարի հանքավայրը բավական խոշոր հանքավայր է, եթե կարողանանք այն արդյունավետ շահագործել, տնտեսական եկամուտը բավական մեծ կլինի, բայց այո, այնտեղ կան խնդիրներ՝ կապված բնական ջրերի աղբյուրների, տարածքի պահպանման հետ: Դա էլ, իհարկե, արդեն կախված է և ներդրողների, և պետական այն կառույցների համագործակցությունից, որոնք պետք է խիստ հսկողության ենթարկեն հանքավայրի շահագործումը, խիստ հսկողությամբ պահանջեն ներդնել բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք նվազագույնի կհասցնեն հանքավայրի շահագործումից առաջացած ռիսկերը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության` Ամուլսարի ոսկու հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակում Հայաստանում արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 750 աշխատատեղ: Առավելագույն 1300 աշխատատեղ է նախատեսվում ստեղծել շինարարության ժամանակ:
Նշենք, որ բնապահպանները միաժամանակ ահազանգում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100%-ով պատկանում է Lydian International Limited բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս ծրագրի իրականացումը, որն ըստ մասնագետների անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։
Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։
Մարատ Գրիգորյանի խոսքով՝ բնապահպանները էկոլոգիական խնդիրները բարձրացնելիս միշտ էլ ճիշտ են, և նրանց հարցադրումները պետք է լսեն, ուշադրություն դարձնեն: «Նրանք նաև զսպող շապիկն են։ Ներդրողները պետք է հաշվի առնեն բոլոր այն հիմնական խնդիրները, որոնք կարող են առաջացնել մեծ բնապահպանական ռիսկեր: Բայց միշտ չէ, որ նրանց ասածները պետք է 100 տոկոսով իրականացնել, որովհետև շատ դեպքում բնապահպանների մեծ մասն այնպես է հարցադրում անում, որ ընդհանրապես ընդերքը չպետք է շահագործվի և դա անթույլատրելի է: Հանքավայրը պետք է շահագործել, աշխարհի ցանկացած հանքավայր, նույնիսկ խոշոր քաղաքների տարածքներում եղածները, շահագործվում են։ Հզոր երկրները, որոնց տնտեսությունը բավական զարգացած է, նրանք նույնպես օգտագործում են օգտակար հանածոները, ուղղակի դա անում են խելացիորեն՝ օգուտ բերելով տնտեսության զարգացմանը, և ոչ թե թույլ են տալիս, որ ձեռնարկություններն, ընկնելով գերշահույթի ետևից, և մոռանալով բնապահպանական խնդիրները, հետագայում ստեղծեն մեծ ռիսկեր»,-ասաց նա:
Երկրաբանը խոստովանեց, որ ՀՀ-ում հանքերը խելացիորեն, պատշաճ կերպով չեն շահագործվում:
«Օրինակ` Քաջարանի հանքավայրի շահագործումը` կապված պոչամբարների հետ, մեծ ռիսկեր է պարունակում, խոշոր չափի պոչամբարներ ունենք Սյունիքի տարածքում, որոնք բնապահպանական տեսակետից մեծ վտանգ են ներկայացնում: Ցավոք սրտի, այսօր այդ շահագործումը շարունակվում է այդպես, և այդ պոչամբարների թափոնների պահպանումը, անվտանգ լինելը մասնակիորեն է լուծված, ոչ ամբողջովին: Այս փոքր տարածքի վրա նման հսկայական չափի պոչամբար հավաքելը ստեղծում է էկոլոգիական մեծ ռիսկեր`կապված և՛ ջրային ռեսուրսների աղտոտման , և՛ հողերի աղտոտման հետ, և՛ բուսական ու կենդանական աշխարհի ոչնչացման հետ. այդ տեսակետից մենք լուրջ խնդիրներ ունենք»,-ասաց նա: