Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց իրական արմատներն իմանալու մոլուցքը բավականին դժվար կացության մեջ է գցել պետական մի շարք հիմնարկների և մասնավորապես հանրային ծառայությունների վարչությանը:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, պաշտոնյաները խոստովանել են, որ նման ակտիվության իրենք էլ չէին ասպասում և այժմ որոշել են հանրային ծառայությունների կայքի՝ սեփական տոհմածառն ուսումնասիրելու հնարավորություն տվող բաժինը բացել միայն որոշակի ժամերի:
Հիշեցնենք, որ ծառայության պատճառով turkiye.gov.tr կայքը՝ ծառայության մեկնարկի օրը այնքան ծանրաբեռնված է եղել, որ դադարեցրել է աշխատանքը:
Հատկանշական է, որ շատ այցելուներ կայքի այդ բաժինն ունեցել է գիշերային ժամերին՝ 2:00-ից 4:00 ընկած ժամանակահատվածում, ինչը որոշ լրատվամիջոցների հիմք է տվել պնդելու, որ մարդիկ գաղտնի են ստուգում իրենց իրական ծագումը:
Թուրքիայի բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության պետ Սինան Գյուները նույնիսկ խորհուրդ է տվել չափից դուրս ակտիվ քաղաքացիներին զրուցել ընտանիքի, ծնողների ու մեծահասակների հետ՝ պարզելու իրենց հուզող հարցերը:
«Առաջին իսկ օրվանից 310 000 հարցում ենք ստացել սեփական արմատներն ուսումնասիրելու վերաբերյալ: Անհնար է այսքանին հետևելը, մենք էլ չէինքս սպասում նման իրարանցումի: Մենք մի քիչ համբերություն ենք խնդրում մեր քաղաքացիներից, գնացեք, խոսեք ձեր մայրերի, հայրերի հետ», - ասել է Սինան Գյուները:
Համացանցում նույնսիկ հայտնվել են ծառայությունից օգտված քաղաքացիներին ծաղրող հոլովակներ, որտեղ ցուցադրվում է իրենց թուրք ազգայնական համարող, սակայն հանկարծակի իրենց հայ լինելը բացահայտած անձանց շոկային արձագանքը համակարգչի դիմաց: Իսկ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր շտապել են կատակել, որ նման ծառայության ի հայտ գալուց հետո շուտով կպարզվի, որ բոլոր թուրք ազգայնականներն իրականում թրքության հետ որևէ կապ չունեն: Մի մասն էլ կատակով նշել է, որ այս ծառայությունը կնպաստի Թուրքիայի արևելքում հայ և ասորի, իսկ Էգեյան ծովի և Սևծովյան հատվածում հույն բնակչության կտրուկ աճին: