ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը մեկնարկ տալու քաղաքական կամք, ցանկություն չունեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա՝ այս պետությունները ճիշտ են գնահատում իրավիճակը, հասկանում են, որ Թուրքիան պատրաստ չէ որևէ քայլ կատարել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Սարգսյանի խոսքով՝ Թուրքիան անպատժելի պետություն է դարձել, որի հետ շատ բարդ է լինելու երկխոսել:
- Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, որ այս տարվա գարնանը Հայաստանն առոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները: Այս համատեքստում ո՞րն է ԱՄՆ նոր վարչակարգի դերը: ԱՄՆ-ն հետաքրքրվա՞ծ է հայ-թուրքական արձանագրությունները չչեղարկելու հարցում:
- Շատ բան է փոխվել այն օրից, երբ արձանագրությունները երկու պետությունների օրակարգ բերվեցին։ Որպես միջնորդ պետություններ աշխատում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Շվեյցարիան: Բայց դրանից հետո աշխարհում շատ բան փոխվեց. հայ-թուրքական արձանագրությունները մնացին թղթի վրա, դրանք նախաստորագրվեցին, բայց թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի խորհրդարանների կողմից չվավերացվեցին: Ամբողջ աշխարհը տեսավ, որ այդ գործընթացի սառեցման ամբողջ պատասխանատվությունն ընկավ Թուրքիայի վրա, որը պատրաստ չէր առանց նախապայմանների գնալ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ինչը հայկական կողմի համար անընդունելի էր:
Թուրքիան որպես նախապայման ներկայացնում էր Հայոց ցեղասպանության , ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրենց մոտեցումները, իսկ Հայաստանի համար սա ընդունելի լինել չէր կարող: Թուրքիան պատրաստ չէր կարգավորման և բոլորը հասկացան, որ դա նախապայմաններ առաջ քաշելու պատճառը: Անցել է 10 տարի և այժմ խնդիրները այլ են:
ԱՄՆ-ն միշտ էլ շահագրգռված է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ՝ Բուշ ավագի վարչակազմի տարիներից, մինչև Բարաք Օբամայի նախագահությունը: Բայց հիմա նախ պետք է կարգավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, հետո խոսենք այն մասին, թե ԱՄՆ-ն ինչպիսի միջնորդ դեր կարող է խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ:
- Տեսակետներ կան, որ հայ-թուրքական արձանագրությունները եղել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությունը, ով Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմադիրներից է և Թրամփը չի ցանկանում շարունակել իր ընդդիմադիրների նախկին նախաձեռնությունները: Հայ-թուրքական հարաբերությունները զոհ չե՞ն դառնում ԱՄՆ ներքին խնդիրներին:
- Սխալ է այն մոտեցումը, որ սա Հիլարի Քլինթոնի կամ ԱՄՆ նախաձեռնությունն է: ԱՄՆ-ն միջնորդ երեք պետություններից մեկն էր, իսկ նախաձեռնողը Հայաստանն էր: Եթե Հայաստանը չնախաձեռներ այս գործընթացը, որևէ մեկը մեզ համար նախաձեռնել չէր կարող: Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը չէր, ուստի Թրամփի համար որևէ խոչընդոտ չէ սկսել այս գործընթացը: Նման գործընթաց սկսելու անհրաժեշտությունը, եթե այն լինի կողմերի համար, պայմանավորված է նախապայմաններով, որոնք չկան: Թուրքիայում չկա քաղաքական կամք, Թուրքիան տեղափոխվել է այլ հարթություն. եթե առաջ Թուրքիան Եվրամիությանն ինտեգրվելու ցանկություն ուներ, ապա հիմա Թուրքիան փորձում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ: Սա նշանակում է, որ այսօրվա Թուրքիան պատրաստ չէ նոր գործընթաց սկսել:
- Ստացվում է, որ մինչև թուրք-ամերիկյան հարաբերությունները չկարգավորվեն, հայ-թուրքական հարաբերությունները չե՞ն կարգավորվի:
- Եթե միջնորդը լինի ԱՄՆ-ն, բայց եթե լինեն այլ միջնորդներ, դա չի խանգարի գործընթացին: Պետք է նաև հաշվի առնել, որ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար այլընտրանքային լուծումներ: Եթե նույնիսկ միանգամից չլինի կարգավորում, այսինքն՝ միանգամից չհաստատվեն դիվանագիտական հարաբերությունները, միանգամից չբացվեն սահմանները, դա չի նշանակում, որ հնարավոր չէ վերջնական նպատակին հասնել քայլ առ քայլ:
Միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ մեխանիզմներ, որով հնարավոր է գոնե դնել երկկողմ հարաբերությունների կարգավորման սկիզբը: Հնարավոր է սահմանները չբացել, բայց հաստատել դիվանագիտական հարաբերություններ, կամ հակառակը, հնարավոր է սահմանը բացել երրորդ երկրների ապրանքների, քաղաքացիների համար: Վերջապես կան բիզնես նախագծեր, որոնց շնորհիվ Իսրայելն ու Եգիպտոսը, Իսրայելն ու Հորդանան, օրինակ, ակտիվ կապեր են ստեղծել՝ լինելով ոչ պակաս միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություններ:
Թուրքիայի քաղաքականությունն էր՝ «զրո խնդիր հարևանների հետ», բայց հիմա Թուրքիան ունի «զրո հարևան, որի հետ խնդիր չունի»: Թուրքիան ցանկություն կունենա կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, բայց որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվում: Էրդողանը քաղաքական այնպիսի գործիչ է, որ ինչ ուզում, որտեղ ուզում անում է, նրան պատժել չեն կարողանում, Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում, բայց չի պատժվում, մտնում է Իրաքի տարածք, բայց չի պատժվում, Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ քաղաքացիներին կարող է ծեծել ու չպատժվել, ռուսական օդանավ կործանել, բայց չպատժվել… Թուրքիան անպատժելի մի պետություն է, որի հետ բարդ է լինելու նստել երկխոսության:
- Տեսնո՞ւմ եք հնարավոր միջնորդներ, որոնք կցանկանան զբաղվել հայ-թուրքական կարգավորմամբ:
- Այո, եթե չլինեն ԱՄՆ-ն, ՌԴ-ն, ԵՄ-ն, ապա տեխնիկական առումով երկկողմ բանակցային գործընթաց կարող է կազմակերպել Շվեյցարիան՝ օգտագործելով իր նեյտրալիտետը: Ամեն դեպքում ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Պեկինը չունեն քաղաքական կամք, ցանկություն՝ սկսել այդ գործընթացը, որովհետև նրանք ճիշտ են գնահատում իրավիճակը, հասկանում են, որ Թուրքիան պատրաստ չէ որևէ քայլ կատարել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում։