«Ելք» դաշինքի երթը, որը մեկնարկել էր «Մոսկվա» կինոթատրոնից, ավարտվեց նույն վայրում։ Վերջում ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Իրականում գիտեք, որ պատմագրության մեջ կան ժամանակաշրջաններ, դարաշրջաններ կա օրինակ՝ բրոնզե, երկաթե դարաշրջան, բայց ես կարծում եմ, որ մեր ընթացիկ դարաշրջանը պատմության մեջ կկոչվի խառը կանաչու դարաշրջան»,-ասաց նա և նշեց, որ նախորդ հավաքից հետո բենզինը քսան դրամով ևս թանկացել է, և թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խառը կանաչիի գնի 30 տոկոսով նվազումը, կանաչ սոխի էժանացումը հակակշռելով թանկացումներին՝ իշխանությունը ստանում է 2,6 տոկոս գնաճ, և արդյունքում հայտարարում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել:
«Նրանք, ըստ էության, ասում են՝ աղքատների հետ ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, ասում են՝ աղքատները չեն մեռնի, այս 20 տարիների ընթացքում այնքան իմունիտետ են ձեռք բերել, որ որքան ուզում եք թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա, խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա, կանաչ սոխ կուտեն, կանաչ սոխը թանկանա, սխտոր կուտեն: Բայց այս մոտեցումը մենք համարում ենք անթույլատրելի»,-ասաց նա և շեշտեց՝ այլընտրանքը մարդիկ արտագաղթի մեջ են տեսնում:
«Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը լինի մրցունակ, դիմադրողական»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ վաղը արտահերթ նիստ սկսելու ստորագրահավաք կկազմակերպեն, պատրաստել են փաթեթ և առաջարկում են բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկը, դիզվառելիքի ավելացրած արժեքի հարկը վերադարձնել նախկին մակարդակին, և առաջարկում են եկամտահարկը նույնպես բերել նախորդ իրավիճակին:
Նա կարևորեց հանրային ակտիվությունը. «Իշխանությունը պետք է տեսնի, որ ինքը «պրոբլեմ» ունի, որպեսզի գնա կոնկրետ քայլերի, եթե տեսավ, որ «պրոբլեմ» չունի, փոփոխությունների չեն գնալու»: Նա հայտնեց, որ վաղը 27 պատգամավորի ստորագրություն կհավաքվի, և մյուս շաբաթ արտահերթ նիստը տեղի կունենա:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին է այն միակ ուժը, ով կարող է լուծել թանկացման-չթանկացման մնացած բոլոր հարցերը: Քանի դեռ ՀՀ քաղաքացին շատ հստակ չի ցուցաբերել իր կամքը որևէ հարցի նկատմամբ, իրավիճակը մնալու է նույնը: Մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացին ունի քաղաքական կամք ՀՀ-ում որոշումների կայացման հսկիչ փաթեթը իր ձեռքը վերցնելու և մենք պատրաստ ենք ծառայելու այդ նպատակին, ծառայում ենք և կծառայենք այդ նպատակին»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ այն պահին, որ արդյունավետ անհրաժեշտություն տեսնեն երթ, ցույց որևէ ակցիա անելու, այդ ակցիայի կազմակերպման մասին կհայտարարեն:
«Այսօրվա հավաքը առաջարկում եմ ամփոփել այդ պայմանավորվածությամբ՝ դուք կհետևեք իրադարձությունների զարգացմանը, մենք կհայտարարենք, թե քանի ստորագրություն ենք հավաքել, ովքեր են ստորագրել և ձեր հետ շփումների արդյունքում կկայացնենք որոշում` հետագա անելիքների վերաբերյալ»,-հայտարարեց Փաշինյանը։