Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները բողոքում են, որ առանց պատշաճ հանրային իրազեկման 2018 թ.-ի հունվարի 8-ից ՀՀ-ում սկսել են տուգանվել մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, այսպես կոչված՝ տրանզիտ համարներով մեքենաները:
Լիգայի իրավաբանական խմբի ղեկավար Մհեր Շահնազարյանի տեղեկացմամբ՝ հունվարի 8-ից մինչ այժմ տրանզիտ համարանիշով մեքենայի վարորդներից մեկն արդեն 3.5 մլն դրամի չափով տուգանվել է:
«Համամիտ ենք, որ բոլոր վարորդները պետք է տուգանվեն խախտումներ անելու համար, բայց խնդիրը սոցիալական կողմ ունի: Եթե զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում ենք, որ օտարերկրյա պետհամարանիշով մեքենաների վարորդները կենթարկվեն պատասխանատվության, ապա նույնը պետք է հայտարարվեր նաև ներմուծվող տարանցիկ համարանիշերով մեքենաների վարորդների համար: Հանրային իրազեկման խնդիրն է այստեղ, պետք է ասեին, որ հունվարի 8-ից հետո կիրառվելու է այս իրավանորմը»,- ասաց իրավաբանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների վարչական վարույթներով առանձնահատկությունների մասին օրենքում 2015 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն և լրացում: Ավելացվել է 7.1 հոդվածը, համաձայն որի՝ ՃԵԿ խախտումների համար պատասխանատվություն պետք է կրեն նաև մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենայի վարորդները:
«Երկու տարուց ավելի՝ 2016-2017 թթ.-ին այդ իրավանորմը չգործեց, քնել էր, հանկարծ 2018 թ.-ի հունվարի 8-ից սկսել են կիրառվել մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենայի վարորդների նկատմամբ»,- նշեց Մհեր Շահնազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: