Օրերս Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը, խոսելով դեպի Ռուսաստան իրենց տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին, հայտարարել էր, թե ռուս-վրացական համապատասխան պայմանագրում իրենք ներգրավված չեն ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն:
Խոսքը 2011թ.-ին շվեյցարական կողմի վերահսկողությամբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև ստորագրած համաձայնագրի մասին է, որտեղ ներգրավված չեն ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Աբխազիան, որոնք դիտարկվում են որպես Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ:
Արդյո՞ք այսպիսով խաչ է քաշվում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի սպասումների վրա: Tert.am-ի հետ զրույցում վրացի ռազմական փորձագետ Գելա Վասաձեն նշեց, որ այս հայտարարությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ռուս-վրացական գործընթացի վրա, որովհետև Հարավային Օսիայի պետություն որպես այդպիսին գոյություն չունի, այն Վրաստանի տարածքն է, որը օկուպացվել է Ռուսաստանի կողմից:
«Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարություն, Հարավային Օսիա պետություն գոյություն չունեն: Նման նախարարություն ու նման երկիր բնության մեջ գոյություն չունի: Դա Վրաստանի տարածքն է, այն օկուպացված է: Մտածել, որ օկուպացված տարածքը պետք է մասնակցի կամ չմասնակցի մի գործընթացի, առնվազն տարօրինակ է».- ասաց Գելա Վասաձեն:
Քաղաքագետը նշեց, որ դեպի Ռուսաստան Հվ. Օսիայով և Աբխազիայով արտահանումներ իրականացնելու հարցը գերքաղաքականացված է: Վասաձեն շեշտեց, որ Հայաստանի համար Վերին Լարսով դեպի Ռուսաստան տանող ճանապարհն ավելի ձեռնտու է, քան օրինակ Հվ. Օսիայով, որովհետև ճանապարհը ոչ միայն կարճ է, այլև՝ բարենպաստ եղանակային տեսանկյունից:
«Հվ. Օսիայում լեռնանցքները ավելի մեծ են, եղանակային պայմանները ավելի վատն են, քան՝ Լարսում, իսկ ճանապարհը ավելի երկար է: Չեմ հասկանում, թե ինչու… Սա ավելի վատ ճանապարհ է, քան Լարսը»,- նշեց Գելա Վասաձեն:
Դիտարկմանը, թե Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին էր հայտարարել, որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ Վերին Լարսը փակ լինի, Հայաստանը կարող է օգտվել Հվ. Օսիայի և Աբխազիայի ճանապարհներից, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Կվիրկաշվիլին, հավանաբար, տեղյակ չի եղել, որ եթե Լարսը փակվի, Հվ. Օսիայի լեռնանցքները ևս փակ են լինելու, դրանք էլ անանցանելի են լինելու: Կրկնում եմ, այն ավելի լեռնային է, ավելի մեծ է փակվելու հավանականությունը: Սա աշխարհագրություն է, օդերևութաբանություն: Քարտեզը վերցրեք, նայեք, թե ինչ լեռներով է անցնում դեպի Ռուսաստան Հվ. Օսիայով, ինչ եղանակ է այնտեղ պարբերաբար լինում»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ Հվ. Օսիայի այս հայտարարությունն արտահայտում է Ռուսաստանի դիրքորոշումը, Վասաձեն պատասխանեց, որ գործընթաց է ընթանում, բանակցություններ են ծավալվում Ռուսաստանի ու Վրաստանի միջև և ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունք կտան դրանք:
«Ռուսաստանի համար այս ճանապարհը ձեռնտու է քաղաքական տեսանկյունից և Ռուսաստանն ուզում է, որ Վրաստանը ստորագրի համաձայնագիրն իրենց պայմաններով, բայց դա չի լինի»,- հավելեց նա:
Իսկ այն հարցին, թե Հայաստանը, որպես երրորդ երկիր, ամեն դեպքում կկարողանա՞ օգտվել այդ ճանապարհներից, Վասաձեն մեջբերեց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գրիգոր Վաշաձեի հայտարարությունը, ով մասնակցել է փաստաթղթի մշակմանը, ասել է, թե համաձայնագրով նախատեսված չէ նման հնարավորություն: