Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի՝ հունվարին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած 3-րդ երեխայի լուսանկարները տարածվել են համացանցում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փոքրիկ Չիկագոյի մասնակցությամբ կադրերը մեծ ոգևորություն են առաջացրել Քարդաշյանի երկրպագուների շրջանում: Ուշագրավ լուսանկարներն արվել են երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո՝ ծննդասենյակում:
Դրանցում երևում է, որ փոքրիկ Չիկագոն բարուրված է: Նրան այցելության են եկել մորաքույրը՝ Քայլի Ջեները, քեռին՝ Ռոբ Քարդաշյանը:
Երեսունյոթամյա հայազգի գեղեցկուհու խոսքով՝ ինքը դիմել է փոխնակ մոր օգնությանը, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի և հղիանալու դեպքում վտանգի տակ կդներ ոչ միայն իր, այլև նորածնի կյանքը:
«Բազում տարբերակներ ուսումնասիրելուց հետո, ես և Քանյեն որոշեցինք դիմել փոխնակ մորը»,-գրել է Քարդաշյանը՝ մանրամասնելով, որ ինքն ու ամուսինը երեխայի կենսաբանական ծնողներն են:
«Սովորաբար, փոխնակ մայրը տրամադրում է իր ձվաբջիջը, որը բեղմնավորվում է հոր սերմնահեղուկի միջոցով: Մինչդեռ մեր դեպքում փոխնակ մոր արգանդն է փոխպատվաստվել արդեն իսկ մեր կողմից բեղմնավորված ձվաբջիջը, ըստ այդմ՝ երեխան կենսաբանորեն իմն ու Քանյեինն է: Շատերը մտածում են, որ այս տարբերակով երեխա ունենալը շատ հեշտ է՝ կառուցվածքդ չի փոխվում, ծննդաբերական ցավեր չես զգում, բայց ինձ համար այնպիսի ցավ էր երեխային ինքնուրույն չկրելը՝ հատկապես, երբ հղիացել էի Նորթով ու Սենթով»,-անկեղծացել է հեռուստաաստղը:
Հայտնի է, որ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ունեն 3 երեխա՝ 2 աղջիկ, մի տղա: