Ռուսաստանը ներկայացնող երկու մարզչի և 13 մարզիկի, որոնց Մարզական արբիտրաժային դատարանն արդարացրել էր (CAS), Օլիմպիադա-2018-ի մասնակցության հայտը մերժվել է, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:
ՄՕԿ-ի հանձնաժողովը, որը խորհուրդ է տվել ռուսներին չհրավիրել, գլխավորում է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար և հակադոպինգային թեստոավորման Անկախ ընկերության ղեկավար (ITA) Վալերի Ֆուրնեյրոնը, գրում է ТАСС-ը:
Հանձնաժողովի անդամները «նշել են լրացուցիչ տարրերի և/կամ ապացույցների առկայությունը, որը ՄՕԿ-ի հանձնաժողովը` Դենիս Օսվալդի գլխավորությամբ, չի կարողացել դիտարկել, քանի որ մուտք չի ունեցել տվյալներին»,- վստահեցնում է ՄՕԿ-ը:
CAS-ի որոշման վերաբերյալ հայտարարվել է, որ այն «չի վերացրել դոպինգի վերաբերյալ կասկածները»: Հանձնաժողովը վստահեցնում է, որ դատարանի որոշումը բավարար չէ, որպեսզի «13 մարզիկներ կարողանան մաքուր համարվել»:
Նշենք` կիրակի օրը հակադոպինգային Համաշխարհային գործակալության նախկին նախագահ Ռիչարդ Պաունդը հայտարարել է, որ հակադպոինգային Համաշխարհային կոդեքսում պետք է փոփոխություններ մտցվեն այն բանից հետո, ինչ CAS-ի որոշեց արդարացնել ռուս մարզիկներին:
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը ևս դժգոհ է մնացել 39 ռուս մարզիկների` դատարանի կողմից ամբողջովին կամ մասնակի արդարացվելու որոշումից: CAS-ի ղեկավար Ջոն Կոուտսը հայտարարել է, որ դատարանը կվերլուծի Բախի նկատառումը:
Հիշեցնենք` 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: