ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հայցը` ընդդեմ Պաշտպանության նախարարության:
Զինվորը հայց է ներկայացրել ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով զինգրքույկում նշել ապրիլյան պատերազմին իր մասնակցության մասին:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ընդունվել է դատավոր Լիանա Հակոբյանի վարույթ: Ռազմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը զինվորական կոմիսարին ցուցում տալ զինապարտ Ռազմիկ Ռուդիկի Պետրոսյանի զինգրքույկում 2016թ. ապրիլի 2-6 մարտերին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում կատարելու մասին:
Բացի այդ, հայցվորի մեկ միջնորդություն ևս բավարարվել է:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյան, ծանոթանալով Ռազմիկ Պետրոսյանի կողմից ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին ներկայացված հայցադիմումին ու կից փաստաթղթերին, քննարկելով պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցը, դատարանը վճռել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Դատարանը բավարարել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և հետաձգել պետական տուրքի վճարումը: