ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ անընդմեջ հայտնվում է Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդների թեկնածուների ցուցակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Խաղաղության խնդիրների հետազոտության նորվեգական ինստիտուտի տնօրեն Հենրիկ Ուրդալին:
«Կարող եմ հաստատել, որ մենք հաղորդագրություն ենք ստացել առաջադրման մասին, և որ Թրամփին ներկայացրել են մրցանակի հավակնորդների ցանկում: Սակայն չեմ կարող ասել, թե ով է կանգնած նրա առաջադրման հետևում: Դա գաղտնի տեղեկություն է: Կարող եմ ասել միայն, որ նախաձեռնությունը պատկանում է ամերիկացու», - ասել է Ուրդալ:
Ինստիտուտի տնօրենը հայտնել է նաև, որ նույն մարդը Թրամփի թեկնածությունն առաջադրել է նաև նախորդ տարիներին: Ուրդալի կարծիքով՝ ամերիկացի նախագահն արժանի է այդ մրցանակին «պայքար հանուն խաղաղության՝ ուժի օգնությամբ» գաղափարախոսությանը հավատարիմ մնալու համար:
Մրցանակի դափնեկիրների անունները հայտնի կդառնան 2018-ի հոկտեմբերին: