ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր,- հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Այն նախատեսված ինչպես հենակետային, այնպես էլ մյուս մարզաձևերի համար:
Համալիրի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն արդեն քննարկել է մարզաձևերի մասնագետների հետ:
Նոր մարզահամալիրը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50 x 25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար:
Համալիրում կգործի վերականգնողական կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիան՝ մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու և դոպինգ ստուգումներ անցկացնելու համար:
Մարզահամալիրի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամ: