ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման ներկայացվեց «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Առաջարկի հեղինակներն են Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը:
Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկը մեկն է՝ վարկանշային ընտրակարգից անցում կատարել 100%-անոց պարզ, համամասնական ընտրակարգի:
«Առաջարկն անում ենք՝ հաշվի առնելով 2017թ-ի ապրիլի 2-ի ընտրությունները, որոնք, ըստ էության, չունեին քաղաքական բովանդակություն, մենք գտնում ենք, որ դրա պատճառը ռեյտինգային ընտրակարգն է: Առաջարկում ենք ընտրություններն անցկացնել պարզ, 100%-անոց համամասնական ընտրակարգի միջոցով, կուսակցության կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե Կառավարության ներկայացրած հիմնավորումը լուրջ չէ: «Այն հիշեցնում է տուրիստական պուտեվոդիտել ընդամենը, թե ինչպիսի ընտրական մոդելներ կան, և վերջում էլ Եվրիպիդեսյան եզրահանգումներ են արվել, թե գլոբալ լավագույն մոդել, որ կարելի է կիրառել որևէ երկրում, գոյություն չունի»,- ասաց նա և նշեց, թե, իհարկե, իրենք դա հասկանում են, բայց դա պատճառ չէ:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որևէ մեկը չի վիճարկի, որ այստեղ խնդիր կա և չցանկացավ «հատ-հատ անդրադառնալ քաղաքական ուժերի ցուցակներին»:
«Ինքներդ գիտեք, թե այն քաղաքական գործիչները, ովքեր խիզախություն ունեցան վարկանշային ցուցակով առաջադրվել, ինչքան ձայն են հավաքվել, իսկ ապաքաղաքական գործիչներն, ովքեր ունեն խանութ, բուտկա և այլն, որքան ձայն են հավաքել: Ռեյտինգային ցուցակն ապաքաղաքականացրեց ընտրությունները, և լուծումներից մեկն ընտրական պրոցեսը կրկին քաղաքական դաշտ վերադարձնելն է»,-ասաց նա:
Փաթեթում, ըստ նրա, հաշվի կառնվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները:
Զեկույցից հետո Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մինչև 2 ամիս հետաձգում են նախագծի քննարկումը։ Եթե լուծումներ չստանան, նախագիծը կդրվի քննարկման:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ պետք է ձևաչափ գտնեն և քննարկեն հարցը: «Կառավարությունն ունի վերլուծություններ, և չեմ բացառում, որ մեկ միասնական նախագիծ ունենանք` անկախ տարբեր մոտեցումներից»,-ասաց նա:
Հարցի քննարկումը հետաձգվեց: