Սիրիայի հյուսիսում գտնվող հայաշատ Ղամիշլի քաղաքում երկու օր առաջ թուրքական ԶՈւ-ի ռմբակոծությունից հայեր չեն տուժել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարի» գլխավոր խմբագիր Զարմիկ Շիլափոշյան-Պողիկյանը:
Նշենք, որ ավելի վաղ Դամասկոսում ՀՀ դեսպանատունը հաստատել էր սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների հետևանքով մեկ հայի վիրավորման մասին:
«Գանձասարի» գլխավոր խմբագիրը նշեց, որ մեծ մասամբ քրդերով բնակեցված Աֆրինում ըստ վերջին տեղեկությունների` կա ընդամենը 3 հայ ընտանիք:
Ու թեև Սիրիայի իշխանությունների հետ լուրջ խնդիրներ ունեցող քրդական ջոկատներին Սիրիայի հայ համայնքը որևէ կերպ չի աջակցում և մեծմասամբ չի համակրում, ըստ Պողիկյանի՝ համայնքը խստիվ դատապարտում է Աֆրինում կատարվողը և անհանգստությամբ հետևում իրադարձությունների ընթացքին:
«Ոչ միայն հայ համայնքն, այլ ամբողջ Սիրիայի ժողովուրդն է անհանգիստ ու վրդովված, քանի որ սա ակնհայտ ներխուժում է», - եզրփակեց Պողիկյանը:
Ի տարբերություն Աֆրինի՝ Ղամիշլիի հայ համայնքը, սակայն, շատ ավելի մեծաթիվ է ու թեև թուրքական ԶՈւ-ի գործողությունները կենտրոնացած են հիմնականում Աֆրինի տարածքում՝ երկու օր առաջ Ղամիշլիի վրա ընկած ռումբերն ու թուրքական իշխանությունների՝ Աֆրինով չբավարարվելու մասին անընդմեջ հայտարարությունները չեն կարող անտարբեր թողնել Ղամիշլիի հայերին նույնպես: Ղամիշլին հայերի թվով երկրորդ խոշոր բնակավայրն է` Հալեպից հետո։
Ըստ Ղամիշլիում բնակվող մեր մեկ այլ զրուցակցի՝ բնակավայրում, որտեղ բնակչության մեծ մասն այսօր քրդեր են կազմում, վաղուց այստեղ հաստատված և եկեղեցի ու առանձին դպրոց ունեցող հայ համայնքը դեռևս անորոշության մեջ է. մեկ կողմից քրդական ջոկատներն են, որոնց հետ տևական ժամանակ է լարվածության պարբերական դրսևորումներ են նկատվում, մյուս կողմից թուրքական բանակի նոր հարձակումների վտանգը:
«Առայժմ իրավիճակն ու որոշումները մնում են անորոշ», - նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Սոֆյա Հակոբյան