Ներքաղաքական վիճակն էր, ներկուսակցական հարցերն էին. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո օրերս տեղի ունեցած կուսակցության վարչության նիստի օրակարգին:
«Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը մի քանի օր է բացակայել, մենք էլ վարչության նիստ կանոնավոր անում ենք, այնպես չէ, որ տարին մեկ-երկու անգամ ենք անում»,-ասաց Մարտիրոսյանը:
Գնաճի թեմայով խորհրդարանում հրավիրված լսումներին «Ժառանգություն» կուսակցությունը չէր մասնակցում, քանի որ, Մարտիրոսյանի խոսքով, դա անարդյունավետ ձևաչափ է, և մասնակցության խնդիր առանձնապես չեն էլ ունեցել:
«Մենք բազմաթիվ այդպիսի լսումների մասնակցել ենք, այդ խորհրդարանական լսումները ոչինչ չեն տալիս, ըստ էության: Դա արդեն, ցավոք, իրողություն է, որը ոչ մեկ անգամ է ապացուցվել: Դրա համար մասնակցության խնդիր առանձնապես չի էլ եղել: Այնտեղ որևէ բան չկա, բացի, ասենք, որոշակի շոու տարրերից»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին՝ ինչ է մտածում թանկացումների դեմ պայքարելու խնդրի մասին «Ժառանգություն» կուսակցությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք, ինչպես միշտ, մնում ենք խնդիրների բովանդակային լուծման և համագործակցության կողմնակից, քանի որ ակնհայտորեն Հայաստանում որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ միայնակ չի կարող ստեղծված իրավիճակը փոխել և պետք է ուժերի համադրում: Մենք ուժերի համադրման կողմնակիցն ենք»:
Իսկ դիտարկմանը, թե ինչն է պատճառը, որ ընդդիմադիր ճակատում կոնսոլիդացիան կամ ուժերի համադրումը չի ստացվում, Մարտիրոսյանն արձագանքեց, որ պատճառները բազմաթիվ են՝ սկսած նեղ անձնական խնդիրներից, բարձր պահանջներից, վերջացրած օբյեկտիվ իրողություններով՝ սկսած ծրագրերի համադրման անհնարինությունից կամ ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիրներ, ֆինանսներ և այլն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը չի հերքում նաև, որ շատ դեպքերում հանրային բողոքը քաղաքական ուժերն օգտագործում են դիվիդենտներ շահելու համար:
«Կա նմանատիպ ցանկություն, որոշակի առումով մեր գործընկերների մոտ լինում են, բայց եթե միայն քաղաքական դիվիդենտ շահելն է, ես չեմ կարող մեղադրել, որովհետև դա յուրաքանչյուր քաղաքական ուժի սուրբ իրավունքն է, ուստի և դա չէ, որ ամենագլխավոր խնդիրն է, եթե դիվիդենտը լիներ, չարյաց փոքրագույնը կլիներ: Ավելի լավ է փոքր շահաբաժին լինի, բայց հաստատուն, քան մեծ շահաբաժնի հետևից ընկնեն ու ոչինչ չստանան»-ասաց նա:
«Ելք» դաշինքի երթին ընդդեմ թանկացումների, ըստ Մարտիրոսյանի, մարդկանց շատ մեծ մասնակցություն չեղավ պարզ պատճառով:
«Բնականաբար, չէր կարող շատ մեծ մասնակցություն լինել, քանի որ հասարակությունը միասնություն է ցանկանում, և, ըստ էության, օրակարգն էլ, ըստ իս, որևէ բան ասող չէր հասարակությանը»,-ասաց նա:
Tert.am-ի դիտարկմանը, որ «Ժառանգություն»-ը` որպես հանրահավաքային պայքարի փորձ ունեցող ուժ, արդյոք չի՞ տեսնում այսօր դրա անհրաժեշտությունը՝ Մարտիրոսյանը ասան արձագանքեց. «Անհրաժեշտությունն այսօր պայմանավորված է քաղաքական բարեփոխումների խնդրով։ Եթե մենք այդ խնդիրը չենք կարողանում լուծել, բնականաբար, մնացած առումներով չեմ կարծում, որ նպատակահարմարություն կա այս պահին նմանատիպ պայքարի: Բայց ամեն ինչ կախված է օրակարգից»,-ասաց նա: ՙ