Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը, այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զինք մատակարարել Ադրբեջանին։
«Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցի՝ Ռուսաստանի, այսպես ասած, հնարավորություններն օգտագործելով, ընդ որում ավելի մատչելի գնով ստանում է համապատասխան սպառազինություն», - ասաց փոխարտգործնախարարը։
Վերջին տարիներին Բաքուն Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական:
Հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։
Դավոսում «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ռուսաստանից զենք գնելու հարցում Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի: