Դեռևս պարզ է չէ, թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգից ով է լինելու վարչապետի պաշտոնում, և ով` առաջին փոխվարչապետի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծին:
«Երբ արդարադատության նախարարությունը հրապարակեց անվտանգության խորհրդի նոր կազմը, արդեն պարզ էր, որ դրանից հետո օրենսդրական փոփոխություն է լինելու: Բայց դեռևս վաղ է հստակ ասել, թե ով է 2018 թ.-ին լինելու ՀՀ վարչապետ»,- նկատեց նա:
Նշենք, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը սահմանում է կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը, մասնավորապես նշված է, որ գործադիրը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
Առաջին փոխվարչապետի պաշտոնի մասին խոսակցություններից հետո սկսեցին կարծիքներ հնչել, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնը իր համար է ստեղծում: Սակայն, քաղտեխնոլոգի կարծիքով, դեռևս պարզ չէ, թե 2018 թ. ապրիլին ով կլինի վարչապետի, ով առաջին փոխվարչապետի պաշտոնում:
«Այդ մասին պարզ կլինի, երբ ՀՀԿ-ն կհայտարարի, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը, որովհետև Հանրապետական կուսակցությունը իմ ու Ձեր նման այդ ժամանակ կիմանա դրա մասին: Միայն կարող եմ ասել, որ եթե վարչապետ լինի Սերժ Սարգսյանը, ապա առաջին փոխվարչապետ կլինի Կարեն Կարապետյանը: Իսկ եթե վարչապետ լինի Կարեն Կարապետյանը, ապա Սերժ Սարգսյանը` որպես նրան հակակշիռ առաջին փոխվարչապետի պաշտոնում իրեն շատ մտերիմ մարդ կնշանակի»,- նշեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ նոր սահմանադրության ընդունումից հետո ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելին, որով վարչապետի և նախագահի լիազորությունները փոփոխվում են: Կրճատվում են նախագահի լիազորությունները, որի փոխարեն մեծանում են վարչապետինը: Թեև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է 2015 թ.-ի դեկտեմբերին, բայց ՀՀ–ն ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգին կսկսի անցնել 2018 թ. փետրվարից: Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն ՀՀ 15-րդ վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Նոր կառավարության ձևավորման ավարտի հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է: