Շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ կին լրագրողը հարց է ուղղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, սակայն վերջինս պահանջել է հանել «վիշիվանկան» (ավանդական ասեղնագործած սլավոնական վերնաշապիկը) և իր հետ ուկրաիներեն խոսել:
Ru.tsn.ua-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասեղնագործված վերնաշապիկ կրող լրագրողը ռուսերեն հարցրել է Պորոշենկոյին՝ ինչու է նա ընդունել «պատերազմի մասին օրենքը»:
Պորոշենկոն խորհուրդ է տվել նրան «հանել վիշիվանկան» և հավելել, որ կպատասխանի հարցին, եթե այն հնչի ուկրաիներեն: Սակայն լրագրողը պատասխանել է, որ Ուկրաինայի նախագահը «շատ լավ է հասկանում ռուսաց լեզուն»:
«Ես հասկանում եմ և՛ անգլերեն, և՛ այլ լեզուներ: Սակայն հարցերին պատասխանում եմ ուկրաիներեն», - ասել է Պորոշենկոն:
Նշվում է, որ այս երկխոսություննն ավարտվել է անվտանգության աշխատակիցների օգնությամբ: Համաժողովի կանոնների համաձայն՝ այժմ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից: