«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման շարքերում սիրիական հակամարտությանը մասնակցած չեչեն գրոհային Օմար ալ Շիշանին, ում հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարված ՄԱԿ-ի կողմից, միացել է թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Աղբյուրը նշում է, որ լուրն առաջինը հայտնել է իշխանամետ «Յենի Աքըթ» թերթը, թեև ավելի ուշ ստիպված է եղել ջնջել այն: Այնուամենայնիվ, թուրքական մի շարք պարբերականներ շարունակել են տարածել նյութը՝ «Յենի Աքըթ»-ին հղումով:
Հայտնի է, որ ավելի վաղ Շիշանին հայտնաբերվել ու կալանավորվել էր ռուսական ուժերի կողմից Սիրիայում, այնուհետև հիվանդության պատճառով արտահանձնվել Վրաստանին, որի քաղաքացի է: Դրանից հետո մամուլում լուրեր էին տարածվել, որ վերջինս կրկին ազատության մեջ է:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: