Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մաքդադը հայտարարել է, որ սիրիական օդուժը պատրաստ է արժանի հակահարված տալ Թուրքիային, որն իր գործողություններով խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
BBC-ին տված հարցազրույցում սիրիացի փոխնախարարը նշել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում իրենց կողմից որակվում են որպես օկուպացիա, և Դամասկոսը պատրաստ է արժանի հակահարված տալ դրան:
Ի պատասխան այն հարցին, թե Ռուսաստանը լուռ համաձայնություն է տվել Անկարային՝ թույլ տալով թուրքական ԶՈւ-ին մուտք գործել Աֆրին, Մաքդադը պատասխանել է. «Չգիտեմ: Մենք գիտենք, թե ինչ է մտածում Ռուսաստանը, և չենք կարծում, որ Ռուսաստանը որոշում է կայացնելու Սիրիայի փոխարեն կամ խախտելու է այն սկզբունքները, որոնցով շարժվել է Սիրիայի տարածքում մինչ օրս»:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: