Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները հայտնել են 16 թուրք զինվոր գերեվարելու մասին, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
YPG ներկայացուցիչներից Ահմեդ Շաուքին գործակալության հետ զրույցում հայտնել է, որ բախումը, որի ժամանակ էլ գերի են ընկել թուրք զինվորները, տեղի է ունեցել Աֆրինի Չենդերես շրջանում: Այդ ժամանակ քրդական կողմն ունեցել է 4 կորուստ:
Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ այժմ նկատվում է թուրքական օդուժի հարվածների հաճախականության նվազում:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: