Ազդարարի ինստիտուտի հետ կապված կա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցը, որն արձանագրում է, որ, այնուամենայնիվ, մարդկանց մոտ 67 տոկոսը կխուսափի կոռուպցիայի մասին ազդարարելուց: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ի ելույթին, որտեղ նախագահն անդրադարձել է ազդարարի ինստիտուտի թեմային:
«Հիմա Հայաստանում օրենսդրությամբ կա վկաների պաշտպանություն: Բոլոր այն վկաները, որ լրագրողներին կամ դիտորդներին պատմել են, որ ընտրակաշառք է բաժանվել, գնում են ոստիկանություն և ոստիկանությունից դուրս են գալիս ու ասում են, թե իրենք խառնել են ինչ-որ բան, ոչ մի կաշառք էլ իրենց չի առաջարկվել: Ընտրակաշառք վերցնող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին կարգավորումները կան, օրենսդրությունը նորմալ է, բայց փաստացի չի գործում: Փաստացի, երբ կարիք կա ազդարարողին ճնշելու և ասելու, որ ինքն իր կարծիքը փոխի, իրավապահ մարմինները կարողանում են սա անել»,-ասել է Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ սա ևս բոլորն են տեսնում, և մարդիկ, որ պետք է մտածեն ու որոշում կայացնեն ազդարարել, թե չազդարարել, իրենք կույր չեն, իրենք այս ամենը տեսնում են:
Խոսելով այն դիտարկման մասին, որ նախագահն իր ելույթում նշել է, թե կոռուպցիայի հարցում դեռ լուրջ ձեռքբերումներ չկան, բայց քայլեր են արվում այդ ուղղությամբ, Դանիել Իոաննիսյանը մանր կոռուպցիայի մասով քայլերը տեսանելի է համարում, բայց ոչ այն կոռուպցիայի մասով, որը բխում է իշխանությունների շահերից։
«Միաժամանակ այն մանր կոռուպցիայի դեպքում, որ նաև իշխանության հեղինակությանն է հարվածում, պայքարի քայլերը տեսանելի են, բայց կան ավելի արմատական խնդիրներ, որի մասով տեղաշարժ գրեթե չկա: Խոշոր, համակարգված կոռուպցիայի դեմ պայքար չկա: Կա պայքար մանր կոռուպցիայի դեմ, ինչպես անեն, որ մարդիկ վարորդական իրավունք ստանալիս կաշառք չտան, շատ լավ է, ողջունելի է, ինչպես անել, որ թաղային տեսուչը կաշառք չվերցնի, ևս ողջունելի է, բայց արդյո՞ք սա այն կոռուպցիան է, որ խանգարում է պետության զարգացմանը մեծ հաշվով: Ոչ: Իհարկե, խանգարում է, բայց ոչ այնպես, որ պետության զարգացումը վտանգի տակ դրվի»,-ասել է նա:
ՀԿ համակարգողի ձևակերպմամբ՝ կոռուպցիայի մասով դատական գործերի թիվը բազմապատկվել է փոքր դեպքերի մասով, որովհետև սովորաբար կոռուպցիայի խոշոր դեպքերն ավարտվում են ոչ դատավճիռներով և անգամ, որպես կանոն, ավարտվում են քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներով: