Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի 110-ամյակի առթիվ վաղը Երևանում կազմակերպվելու է միջոցառում՝ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Պոլսահայ խմբագիրը ներկայացրեց՝ «Ժամանակը» հայկական սփյուռքի անընդհատ տպագրվող ամենահին օրաթերթն է:
«Սա մի հոբելյան է, որը վերաբերում է, պատկանում է ամբողջ մեր հայկական մամուլին»,- ասաց նա՝ նշելով, որ օրաթերթի հոբելյանի առթիվ Երևանում ներկայացվելու են ավելի վաղ շրջանում թերթում հրապարակվող հեղինակների հոդվածներից կազմված գրքերը և նաև լինելու է արդեն 110 տարվա օրաթերթի կայքէջի շնորհանդեսը:
Նրա խոսքով՝ միջոցառմանը ներկա են լինելու մտավորականության, ԶԼՄ-ների դաշտից վառ անձնավորություններ:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե վերջին շրջանում «Ժամանակը» մտավախություն չի՞ ունեցել, որ Թուրքիայում բազմաթիվ լրատվամիջոցների փակման և լրագրողների ձերբակալման ալիքը կհասնի իրեն, Արա Գոչունյանը պատասխանեց, որ «Ժամանակը»՝ որպես ազգային փոքրամասնության լրատվամիջոց, խնդիրների Թուրքիայում չի հանդիպում:
«Զուտ հայկական լրատվամիջոց լինելով՝ լրացուցիչ խնդրի չենք հանդիպում: Տարբեր բնագավառների մեջ՝ կրթության, մշակույթի մեջ մեր համայնքային կազմակերպությունները բախվում են խնդիրների, որոնք մեծ հաշվով մենք համարում ենք խտրականության դրսևորում: Մենք, որպես մամուլ, դրա հաղթահարման համար, մեր ձայնը բարձրացնում ենք, մեր համայնքի տարած պայքարին սատարում ենք մեր ամեն ինչով, որովհետև դա ուղղակիորեն մեր լինելիությամբ է պայմանավորված»,- նշեց նա՝ ընդգծելով, որ չնայած դրան, իրենք խնդիրների չեն հանդիպում:
Նա նաև նշեց, որ Թուրքիայում թեկուզ խորհրդանշական մակարդակով, պետությունը գումար է տրամադրում ազգային փոքրամասնությունների պարբերականներին: «Դա նաև բարոյահոգեբանությունը բարձրացնելու հանգամանք է»,- նշեց նա:
Արա Գոչունյանի խոսքով՝ ինքը ներկայացնում է Թուրքիայում իրենց գործունեության թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: «Չեմ ուզում առանց փուշի վարդաստանի համայնապատկերի տպավորություն թողնել, բայց իրականությունն այսպիսին է»,- նշեց նա: