Արձանագրություններն ուժի մեջ մնան, թե ոչ, գործնականորեն ոչ մի տարբերություն չկա. լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին թուրք պատվիրակի կողմից տրված հարցին:
«Մյուս կողմից, բնականաբար, միջպետական իրավունքի տեսակետից այդ փաստաթղթի ուժի մեջ լինելն իր իմաստն ունի: Բայց Երևանի նախաձեռնությունը չի կարելի ստորադասել, և այդ հանգամանքը վերահաստատվեց երեկ Ստրասբուրգում հանրապետության նախագահի շատ դիպուկ բանաձևմամբ, որ ավելի մեծ պոտենցիալ ունեցող երկրները չպետք է ուժի դիրքերից խոսեն ավելի քիչ պոտենցիալ ունեցողների հետ»,- նշեց նա:
Արա Գոչունյանը նկատեց նաև, որ փաստը մնում է փաստ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման պահը դեռ հասունացած չէ:
«Այժմյան տվյալներով՝ այդ պահից մենք հեռու ենք: Նրանք, ովքեր ցանկանում են այդ պահը տեսնել, հիմա դեռ պետք է բավարարվեն բարեմաղթանքներով, որ վերջապես այդ պահը հասունանա, և մենք հասնենք բարիդրացիական, նորմալ, համագործակցական հարաբերությունների»,- նշեց նա: