Այսօր առավոտյան Գիզայի բուրգերի համալիրի մոտակայքում մեկնարկել է Հին Եգիպտոսի փարավոն Ռամզես Երկրորդի հսկայական արձանը տեղափոխելու գործընթացը:
«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ ավելի քան երեք հազարամյա արձանը տեղադրվել է հատուկ կցասայլերի վրա և ամուր ֆիքսվել: Հնագույն հուշարձանը տեղափոխվում է ուղղահայաց դիրքով՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Նշվում է, որ 83 տոննա քաշով հուշարձանի տեղափոխությունը որոշվել է իրականացնել հանդիսավոր մթնոլորտում՝ օրհներգի և ռազմական քայլերգի հնչյունների ներքո: Ամբողջ ընթացքում արձանը կուղեկցեն հանդիսավոր համազգեստով ձիավորներ: Արարողությունը դիտելու համար հրավիրվել են հասարարական գործիչներ, լրագրողներ և դիվանագետներ:
Հայտնի է, որ վերջին 15 տարվա ընթացքում սա 11 մետրանոց արձանի երկրորդ տեղափոխությունն է: 2006 թվականին այն Կահիրեի երկաթուղային կայարանի հրապարակից տեղափոխվել է Գիզայի համալիր՝ աղմուկից, փոշուց և գնացքներից առաջացած թրթռումից պաշտպանելու համար:
Այս անգամ արձանը տեղափոխվում է ընդամենը 400 մետրով՝ Մեծ եգիպտական թանգարանի նախասրահի մոտ տեղադրելու համար: Սպասվում է, որ Ռամզես Երկրորդը թանգարանի մուտքի մոտ «կդիմավորի» այցելուներին:
Նշվում է, որ Մեծ եգիպտական թանգարանը կբացվի 2018 թվականին: