«Վիգեն Սարգսյանի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում: Պաշտպանության նախարար դառնալու օրվանից Սարգսյանը մշտապես սկանդալների կենտրոնում է եղել:
Նախ՝ 1000 դրամները, ապա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, և հատկապես տարկետման իրավունքի սահմանափակումների շուրջ աղմուկը: Այնուհետև ՊՆ մի քանի երկարամյա պաշտոնյաների պաշտոնանկությունը, որոնցից ամենաթարմն ու աղմկոտը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանինն էր:
Վիգեն Սարգսյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է Բաղմանյանին ազատել աշխատանքից, որից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը անսպասելի և նույնիսկ ամոթալի աստիճան փութաջանորեն Վիգեն Սարգսյանի գովքը երգեց, այդպիսով՝ վերջինիս հրապարակայնորեն ընդունելով՝ որպես պաշտպանության ոլորտի առաջնորդ և յուր ղեկավար:
Հակոբյանի այս խոնարհումը պատճառներ ուներ. բանն այն է, Բաղմանյանից հետո Սարգսյանը պատրաստվում էր ազատվել նաև ԳՇ պետ Մովսես Հակոբյանից, որը բանակի, մեղմ ասած այնքան էլ լավ համբավ չունեցող գեներալներից է: Հակոբյանի հարցազրույցից հետո նրա ազատումից առայժմ ոչ մի լուր չկա:
Փոխարենը Վիգեն Սարգսյանը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում: Այս անգամ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որով կոչ է արել միանալ վիրավորված զինվորին արտերկիր բուժման ուղարկելու համար կազմակերպված դրամահավաքին:
Անձամբ ինքը 4 294 դոլար է փոխանցել այդ նպատակի համար: Եվ ահա սկսվել են քննարկումները, թե ինչու ՊՆ-ն իր միջոցներով չի հոգում զինվորի բուժման ծախսերը, կամ, եթե այս մի զինվորի համար դրամահավաքի կոչեր է անում, նախարարն էլ մասնակցում է դրան, ինչու կրկին վիրավորում ստացած և արտերկիր մեկնելու կարիք ունեցող ուրիշ զինվորների համար նույնը չի արվում:
Եվ կրկին առաջին պլան են եկել բանակի թալանը, գեներալների ջիպերը, զինվորի բաժին «սմետանը» և այլն: Կրքերը բորբոքվեցին, երբ Վիգեն Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին և նա ՖԲ իր էջում օգտատերերից մեկին պատասխանեց՝ «բոշան դու ես»:
Ընդհանրապես Սարգսյանը հանգստյան օրերին ակտիվ էր ՖԲ-ում, մեկնաբանությունների էր պատասխանում, ինքն էր գրում: Մի բան, որ պետական պաշտոնյաները, համենայն դեպս, Հայաստանում հաճախ չեն անում:
Նույն Վիգեն Սարգսյանը ՀՀ երբեմնի ամենափակ չինովնիկներից մեկն է եղել, նախարար նշանակվելուց հետո էլ մինչև այս վերջին դեպքը ֆեյսբուքյան գործողություններով չի փայլել: Հարց է առաջանում, ինչն էր պատճառը, որ նա անձամբ որոշեց դրամահավաքի կոչեր անել ՖԲ-ում: Չէ որ նույնը կարող էր անել նախարարության աշխատակազմի, խոսնակի կամ ՊՆ-ին կցված ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով:
Եվ ինչու նրա նյարդերը տեղի տվեցին այն աստիճան, որ լեզվակռվի մեջ մտավ օգտատերերից մեկի հետ: Կարծում ենք՝ այս հարցերի պատասխանը թաքնված է նրա շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների մեջ:
Անցյալ շաբաթ գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների Սերժ Սարգսյանը երրորդ անձանց մոտ դժգոհում է Վիգեն Սարգսյանից, կարծիք հայտնելով, որ նա այդպես էլ չկարողացավ կայանալ նախարարի պաշտոնում: Գրել ենք նաև, որ մեր այդ հրապարակումից անմիջապես հետո նույն օրը, գեներալների հավաք տեղի ունեցով, որի ժամանակ գեներալները որոշեցին Վիգեն Սարգսյանին փոխել ներկայում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանով: Ակնհայտ է, որ այս հրապարակումները և հավաքը լուրջ անհանգստություն են առաջացրել Վիգեն Սարգսյանի մոտ:
Ըստ ամենայնի, նա իսկապես ցանկանում է շարունակել ղեկավարել երկրի ամենակարևոր՝ պաշտպանական գերատեսչությունը և պաշտոնի փոփոխությունը նրա սրտով չէ, անկախ նրանից, թե ՊՆ-ից հետո Սերժ Սարգսյանն իրեն ինչ աշխատանք կառաջարկի: Եթե Սարգսյանի համար միևնույնը լիներ, թե ինքը որ նախարարությունում կլինի՝ ՊՆ, ԱԳՆ, թե որևէ այլ պոստի, նա հանդարտ, առանց ցնցումերի կհետևեր գեներալների ու մյուս բոլոր շրջանակների գործողություններին և իր ոտքի տակ փորողների ցուցակ կկազմեր: Բայց Սարգսյանը այդպես չի պահում իրեն:
Ինչ վերաբերում է ֆեյսբուքում և իշխանական լրատվամիջոցներում Վիգեն Սարգսյանի դեմ այս օրերին ընթացող հակաքարոզչությանը, ապա այդտեղ ակնհայտ երևում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ականջները:
Վերջինս Պաշտպանության նախարարին հրապարակային «խոնարհվելուց» հետո, ընդհատակյա լուրջ աշխատանք է տանում նրա դեմ: Չի բացառվում, որ գեներալների հավաքի ետևում նույնպես ԳՇ պետը կանգնած լինի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: