Հունվարի 15-ի առավոտյան Պերմի № 127 դպրոցի աշակերտների վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների թվում է հայ տղա:
Ինչպես հայտնում է kp.ru կայքը, 10-ամյա տղան վնասվածքներ է ստացել գլխի հատվածում:
Տղայի հայրը՝ Արգիշտի Աբրոյանը, աղբյուրի հետ զրույցում պատմել է, որ մոտավորապես ժամը 9.45-ին որդու դասարան են ներխուժել 2 տղա:
«Նրանցից մեկը վազել է ուսուցչուհու մոտ ու դանակով հարվածել, հետո անմիջապես մոտեցել է առաջին նստարանին նստած որդուս ու կտրվածքներ հասցրել գլխի հատվածում: Տղաս արագ վեր է թռել, վազել է միջանցք, հետո դուրս է եկել փողոց ու վազել Գագարինի փողոցի վրա գտնվող պոլիկլինիկան: Այնտեղ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել»,- պատմել է նա:
Հայտնի է, որ տղան այժմ հոսպիտալացված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հարձակման հետևանքով վիրավորների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված Մենուլա Աբրոյանը:
Պերմի դպրոցում դանակահարությունը տեղի է ունեցել դանակով զինված երկու դեռահասների կռվից հետո, որոնց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 10 աշակերտ և ուսուցիչը: Երկուսը՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ մահափորձի մասին հոդվածով: Անցկացվում է հետաքննություն:
Հարձակվողները ձերբակալվել են: