Ստամբուլում հունվարի 19-ին պոլսահայ լրագրող, մտավորական և «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ կանցկացվեն հիշատակի և ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ:
Ինչպես հայտնում է «Ակօսը», Դինքի հիշատակին ամենամյա երթը կրկին կմեկնարկի նույն վայրից՝ «Ակօս»-ի նախկին խմբագրատան շենքի մոտից, ուր սպանվել էր Դինքը: Երթը կմեկնարկի 2007 թվականին իրականացված սպանության ժամին՝ ժամը 15:00-ին:
Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ համաժողով է կազմակերպում Թուրքիայի ամենահեղինակավոր համալսարաններից Բողազըջըն, ինչի համար Ստամբուլ է հրավիրվել ֆրանսիացի մտավորական Էթյեն Բալիբարը: «Հրանտ Դինքը, մարդու իրավունքներն ու արտահայտման ազատությունը» անվանումով համաժողովը կմեկնարկի հունվարի 17-ին:
Դինքի տարելիցին նվիրված հատուկ միջոցառում կկազմակերպի Թուրքիայում գործող ամենաակտիվ երիտասարդական շարժումը՝ DurDe-ն: Շարժման մասնակիցները Ստամբուլի Ջեզայիր սրահում կհյուրընկալեն Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուին, լրագրող Ումիթ Քըվանչին, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, գրող Ուֆուք Ուրասին և հասարակական գործիչ Յըլդըզ Օնենին:
Աղբյուրը նշում է, որ հունվարի 19-ին Դինքին նվիրված միջոցառումներով և ծրագրերով հանդես կգան նաև Թուրքիայում գործող բազմաթիվ հայկական միություններ և հիմնադրամներ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: