Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի «Միտիգա» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ, տուժել՝ առնվազն 60-ը, փոխանցում է korrespondent.net-ը:
Տեղի ունեցածը երկու խմբավորումների բախման հետևանք է։ Հայտնի է, որ հարձակումն իրականացրել է «Ալ Բաքարա» խմբավորումը, որն օգտագործել է տարբեր տեսակի զենքեր, նրանց են միացել երկրի արևելքից փախած ծայրահեղականները։
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավակայանում գտնվողների մեծ մասին հաջողվել է տարհանել՝ խուսափելով ավելի մեծ թվով զոհերից:
Խմբավորման հետ բախման մեջ է մտել օդանավակայանը հսկող «Զսպման հատուկ ուժեր» կազմավորումը:
Ներկայում վտանգը վերացված է:
Բրիտանական Reuters գործակալությունը նշում է, որ իրականացված հարձակմամբ գրոհայինները, ամենայն հավանականությամբ, ցանկացել են կազմակերպել օդանավակայանից ոչ հեռու գտնվող բանտի կալանավորների զանգվածային փախուստը: Հարձակման ժամանակ տուժել են օդանավակայանի ինքնաթիռներից մի քանիսը:
2016 թվականին ՄԱԿ-ի ջանքերով Տրիպոլիում ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը երկրի արևելքում չկարողացավ ստանալ իշխանությունների ու ազգային բանակի աջակցությունը, ինչի հետևանքով ստիպված է համագործակցել տարբեր զինված միավորումների հետ: