Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է տեղեկությունը, որ գերեզմանատեղ տրամադրելու համար հանգուցյալի հարազատներից պահանջում են վճարել քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը:
Ներկայացնում ենք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից ստացած գրությունը. «Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է և լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի տվյալ լրատվամիջոցի լրագրողը նույնիսկ նեղություն չի կրել ճշտելու տեղեկատվության իսկությունը, ինչպես նաև չի պահպանել հավասարության սկզբունքը, այսինքն` երկու կողմերին լսելու և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու պայմանը:
«Ժամանակ» օրաթերթի 12.01.2018 թվականի 4 (3482) համարում հրապարակված տեղեկատվությունը, որին լրատվական կայքերը հղում են կատարել և վերցրել են որպես հիմք, ակնհայտ ստահոդ և չճշտված տեղեկատվություն է, որն արատավորում է Էջմիածնի քաղաքապետի և քաղաքապետարանի բարի համբավը:
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրում ենք, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, համապատասխան աղբյուրներից ճշտված, հստակ երևա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը»: