Աշխարհի «ամենախիստ» պետություններից մեկում՝ Սաուդյան Արաբիայում, իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակում իշխանությունները բազմամյա արգելքից հետո սկսել են արտոնագրեր տրամադրել կինոթատրոններին:
Ինչպես հայտնում է Newsweek-ը, երկրում վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ մեծ էկրանի վրա ֆիլմ է ցուցադրվել: Աղբյուրը մանրամասնում է, որ կինոնկարը ցուցադրվել է ժամանակավոր կինոթատրոնում: Խոսքը 2017թ. նկարահանված, ամերիկյան արտադրության «Էմոջի ֆիլմ» կինոնկարի մասին է:
Ավելի վաղ իշխանությունները հրահանգել էին ժամանակավոր կինոթատրոններ բացել ու դրան զուգահեռ համապատասխան սարքավորումներով համալրել հիմնական կինոթատրոնները:
Հիշեցնենք, որ 1980-ական թվականների սկզբին Սաուդյան Արաբիայում արգելվել էին կինոթատրոնները, ինչից հետո բնակիչները ֆիլմ դիտելու համար հիմնականում գնում էին հարևան Բահրեյն:
Հայտնի է, որ երկրում առաջին կինոթատրոնները բացվելու են 2018թ. մարտին: Նախքան ցուցադրումը, ֆիլմերը գրաքննվելու են, որպեսզի համապատասխանեն երկրի բարոյական արժեքներին: