Շատ ռուս զբոսաշրջիկներ ցանկանում են տոները անցկացնել ՀՀ-ում, որի պատճառը լեզվի և ներքին անձնագրերի հարցն է. Կ. Դավոյան
Ռուս զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունը մեծացել է Հայաստանի նկատմամբ, որովհետև նախ որպես նախկին Խորհրդային միության երկրներ մենք չունենք լեզվական արգելք, և երկրորդ՝ ՌԴ քաղաքացիները կարողանում են Հայաստան ժամանալ իրենց ներքին անձնագրերով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը:
«Ռուսական շուկան մեզ համար կարևոր է և Ռուսաստանից այցելուները բավականին շատ են, ամռանն էլ էին բավականին շատ: Այստեղ մի շարք գործոններ են դեր խաղում, որոնցից մեկն այն է, որ մենք ռուսների համար նոր երկիր չենք, մենք իրենց համար ծանոթ շուկա ենք»,- հայտնեց նա:
Ըստ Կարինե Դավոյանի՝ հենց վերջին տարում ռուս զբոսաշրջիկների թիվն ավելացավ, քանի Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվեց Հայաստան գալ ներքին անձնագրերով:
Հիշեցնենք, որ ամրագրումների ռուսական Tvil.ru կայքի կազմած ռեյտինգով ամանորի տոներն անցկացնելու համար Երևանը Ռուսաստանի քաղաքացիների շրջանում ամենապահանջված քաղաքների շարքում է: Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է առաջատար հնգյակում: Ըստ կայքի նշած տվյալների՝ ռուս զբոսաշրջիկները Երևան կժամանեն միջինում 3 օրով և կծախսեն ամեն մարդու համար 2.8 հազար ռուբլի: Ռուսաստանից ժամանած հյուրերի շրջանում հետաքրքրություն են առաջացրել նաև Հայաստանի մյուս քաղաքներից Ծաղկաձորը և Դիլիջանը:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ զբոսաշրջության կոմիտեն մեծ դեր ունեցավ երկրի ճանաչելիության հարցում: Կոմիտեի կողմից տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ անցկացվեցին և Մոսկվայում, և ՌԴ այլ քաղաքներում: Ընդ որում, այդ միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանի խոշոր տուրօպերատորներ:
Ինչ վերաբերում է տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, Կարինե Դավոյանը նշեց, որ այս առումով աշխատանքներ տարվում են, բայց ճանապարհների, մշակութային կոթողների հասանելիության խնդիրները դեռևս առկա են:
Հարցին, թե ռուս զբոսաշրջիկների Հայաստան այցելությունների աճի տենդենցը կպահպանվի՞ հաջորդ տարիներին, նա պատասխանեց. «Դա մեզ մոտ կպահպանվի, եթե կտրուկ փոփոխություններ չլինեն գների առումով: Շատ կարևորում ենք նաև ուղիղ չվերթների պահպանումը, որը ևս մեծ դեր ունի տուրիստների հոսքի ապահովման առումով»: