Վրաստանը կարող է օգտվել ՀՀ հնարավորություններից` ԵԱՏՄ շուկաներում իր ապրանքները վաճառելու համար.Սերժ Սարգսյան
Վրաստանը կարող է օգտվել Հայաստանի՝ ազատ տնտեսական գոտիներում հնարավորություններից, այդ թվում նաև իր ապրանքները Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար:
Այս մասին այսօր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախագահի հրավերի և ջերմ ընդունելության համար:
«Հատկապես ուզում եմ շեշտել Վրաստանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա Վրաստանի ապրանքները, ծառայությունները արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական հանրապետություն», -հավելել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահին Վրաստանում ուղեկցում են Պաշտպանության, Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման, Կապի և Տրանսպորտի նախարարները, Վրաստանում ՀՀ դեսպանը:
Անդրադարձ կատարելով անցնող տարվա ընթացքում հայ-վրացական երկկողմ հարաբերություններին՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեվերջյան իր այցը գալիս է ամփոփելու երկու երկրների համատեղ աշխատանքը, արձանագրած արդյունքները և ուրախությամբ արձանագրել, որ երկկողմ օրակարգում բազմաթիվ ծրագրեր ու բազմաթիվ անելիքներ կան:
ՀՀ նախագահը ընդգծել է, որ երկու երկրները շատ անելիքներ ունեն երկու ժողովուրդների իր խոսքով՝ հարուստ ավանդույթների, փոխկապակցված պատմության և արժեքային ընդհանրությունների հենքի վրա:
«Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի, մենք իսկապես բարեկամական զգացումներ ունենք վրացի ժողովրդի նկատմամբ: Պատահական չէ, որ հայերի մի ստվար հատված նախընտրում է տոներն ու արձակուրդները անցկացնել հենց Վրաստանում: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի է, եթե այստեղ հայերի նկատմամբ լիներ ոչ բարյացակամ վերաբերմունք, ապա հայերը հաճույքով չէին գա Վրաստան»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ հայ-վրացական երկկողմ ընդլայնված օրակարգում են ինչպես նոր ծրագրեր, այնպես էլ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են այնպիսի կարևոր ոլորտի, ինչպիսիք են՝ էներգետիկան, երկու երկրների տարանցիկ հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՝ հարավկովկասյան տարածաշրջանում փոխադարձ զգայուն հարցերի նկատմամբ , հավասարակշռված մոտեցումների պահպանմանը առնչվող հարցեր:
Վրաստանի նախագահն Գեորգի Մարգվելաշվիլին էլ այցի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` այն համարելով ևս մեկ քայլ հայ-վրացական հարաբերությունների խորացմանն ուղղված:
«Այս այցը կարևոր է այն առումով, որ այս տարի Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է»,-ասաց Վրաստանի նախագահը: