Կառուցվածքային խոշոր փոփոխությունը Երևանի միասնական դատարանի ստեղծումն է, 2019 թ. էլ պլանավորվում է ստեղծել Սնանկության դատարան. Դ. Հարությունյան
Հայաստանի Դատական օրենսգիրքը մեկ փաթեթով ներկայացված չէ. տարբեր օրենքներ են, հնչում են շատ նման, բայց տարբեր են՝ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք: Այս մասին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության շուրջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
«Օրենքներից մեկը գործելու է մինչև ապրիլի 9-ը՝ այն, որը սովորական օրենքն է, որտեղ փոքրիկ փոփոխություններ են տեղի ունենում: Մյուսը ֆունդամենտալ, նոր սկզբունքների վրա կառուցված դատական օրենսգիրք է, որն արդեն որպես սահմանադրական օրենք, պետք է քվեարկի ԱԺ-ն և քվեարկեց. դա գործելու է ապրիլի 9-ից հետո: Այսինքն՝ մենք երկու ժամանակահատվածի տարբեր օրենքների մասին ենք խոսում: «Ելքը», չգիտեմ աշխատանքի ծավալն էր պատճառը, թե այլ բան, երկրորդ օրենքին ուղղված քննադատությունը սկսեց արտահայտել առաջին օրենքի քննարկման ժամանակ և առաջացավ այդ խառնաշփոթը: Բայց, կարծում եմ, հարցը հարթվել է»,-ասել է նախարարը:
Նա մանրամասնել է՝ նույն օրը քննարկվում էր երկու տարբեր օրենքի նախագիծ՝ մեկը սովորական օրենքի նախագիծ էր՝ «Դատական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին, մյուսը՝ սահմանադրական օրենքի նախագիծ էր, որը կոչվում է «Դատական օրենսգիրք», սա արդեն նոր Դատական օրենսգիրքն է: «Այս նոր օրենսգիրքը պարունակում էր մի շարք վիճելի դրույթներ «Ելք»-ի տեսանկյունից, բայց նրանք, չգիտես ինչու, սկսեցին առաջին օրենքը քննադատել, այն դրույթները քննադատել, որոնք այդ օրենքում չկային: Եվ այդտեղից առաջացավ ամբողջ խառնաշփոթը»:
Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ պետք է գիտակցել ի սկզբանե, որ երբ խոսքը վերաբերում է օրենքների փաթեթները Սահմանադրությանը համապատասխանեցնելուն, ապա իրենց սպասվում է շատ ինտենսիվ աշխատանք, դա սովորական աշխատանքային ռիթմ չէ, և դրանով է պայմանավորված, որ ամիսներ առաջ առաջին իսկ նախագծից սկսած հրապարակում են, դնում են բաց քննարկման, որովհետև այդ աշխատանքը պահանջում է և Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այսինքն՝ կան ժամանակահատվածներ, որոնք պարտադիր են: Դրա համար զուգահեռաբար հանրությանը ներկայացնում են, e-draft-ում տեղադրում են, որ մարդիկ կարողանան ծանոթանալ:
«Պետք չէ մեզ մեղադրել, որ ինտենսիվ նախաձեռնություններ ենք բերում տարվա վերջում, տարվա վերջը կապ չունի: Վստահ եմ, որ մյուս տարվա ընթացքում էլ, հատկապես մինչև ապրիլ մենք ունենալու ենք դարձյալ մեկ-երկու արտահերթ, որի ժամանակ ներկայացնելու ենք նոր փաթեթներ: Առաջարկում եմ բոլորին, նաև մեր ընդդիմադիր գործընկերներին, որոնք քննադատում են, հետևել e-draft-ին, տեսնել, թե ինչ նախագծեր են այնտեղ շրջանառվում, որովհետև դրանք շատ շուտով հայտնվելու են խորհրդարանում և ի սկզբանե պատրաստվեն հարցազրույցին»,-ասել է նա։
«Դատական օրենսգրքի» փոփոխություններին ու դատական համակարգի կառուցվածքին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ փոփոխություններից մեկը վերաբերելու է Երևանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի մեկ դատարան ստեղծելուն: Բայց կան բազում այլ փոփոխություններ, որոնք գործելու են արդեն ապրիլի 9-ից: Կառուցվածքային առումով ամենախոշոր երկու փոփոխությունը Երևանի մեկ միասնական Ընդհանուր իրավական դատարանի ստեղծումն է, իսկ 2019 թ. հունվարի մեկից պլանավորվում է ստեղծել առանձին Սնանկության դատարան:
«Դա նաև աշխարհի պրակտիկան է, երբևէ աշխարհում չեք տեսնի, որ իշխանության մի մարմինը չունի համարժեք մեկ այլ մարմին, հատկապես դատարանների մասին է խոսքը: Տարբեր դատարաններ ունեին տարբեր ծանրաբեռնվածություն: Մեզ մոտ այդ ընդդատությունը որոշվում էր այդ վարչական շրջանի տարածքում. երբ խոսքը վերաբերում է իշխանությանը, ապա վարչական շրջանը, որն իշխանություն չէ, այլ աշխատակազմի բաշխում է, չպետք է հանդես գա որպես սկզբունք: Օրինակ՝ Կենտրոնի դատարանի տարածքում էին գտնվում բազմաթիվ քննչական մարմիններ, և հոսքը՝ մինչդատական վարույթի և այլն, դեպի Կենտրոնի դատարան այնքան մեծ էր, որ դատավորները գերծանրաբեռնված էին»,-պարզաբանել է Դավիթ Հարությունյանը և հավելել, որ եթե համադրենք որևէ, ենթադրենք՝ Նոր Նորքի դատարանի դատավորի ծանրաբեռնվածության հետ, ապա 3 անգամ մեծ է Կենտրոնի դատարանի դատավորի ծանրաբեռնվածությունը:
«Ամենակարևորը, երբ մենք քննարկում էինք կոռուպցիայի դեմ պայքարի ուղիները, մեր եվրոպական գործընկերները մեզ հուշեցին՝ իսկ ինչո՞ւ դուք չեք օգտագործում մեկ միասնական դատարանի տարածքը, ինչպես աշխարհի բոլոր երկրներում: Այդ դեպքում գործերը կբաշխվեն ոչ թե Կենտրոնի դատավորների միջև, այլ ամբողջ Երևանով մեկ: Իսկ դա բավականին լուրջ հակակոռուպցիոն քայլ է»,-ասել է նախարարը: