Ամենատարեց սիրիացի փախստականը. Հունաստանից Գերմանիա անցնել փորձող 110-ամյա Լեյլան ցանկանում է վերջին անգամ տեսնել թոռներին (տեսանյութ, լուսանկարներ)
Սիրիացի Լեյլա Սալիհը 110 տարեկան է և համարվում է ամենատարեց սիրիացի փախստականը: Ինչպես գրում է AFP գործակալությունը, Սիրիայի Քոբանի շրջանում գտնվող իր հարազատ տունը 2015 թվականին լքած ծեր կնոջ միակ երազանքը Գերմանիա հասած սիրելի թոռներին՝ Նեսրինին և Բերիվանին տեսնելն է:
Երկու տարի առաջ ճանապարհ ընկած Լեյլա տատի ու իր ընտանիքի մի քանի անդամների առաջին կանգառը Թուրքիան է եղել. այդտեղից նրանք ծովափնյա Իզմիր քաղաքից փորձել են լաստանավերով Հունաստան անցնել:
Քայլել չկարողացող Լեյլային ստիպված իր մեջքին դրած տեղափոխել է թոռներից Հալիլը, որը մինչ օրս լավ է հիշում թուրք-հունական սահմանի մոտ անցկացրած ծանր օրերը: Նրանք ծովի ափին սպասել են մարդկանց անօրինական փոխադրմամբ զբաղվող հանցախմբերի անդամների ազդանշանին, ինչից հետո շտապել են դեպի լաստանավերը:
Հունական Լեսբոս կղզու մոտակայքում, սակայն, առափնյա անվտանգության աշխատակից իրավապահները կանգնեցրել են ներգաղթյալների լաստանավը: Ընտանիքը մի որոշ ժամանակ ստիպված է եղել մնալ կղզու՝ ներգաղթյալների համար նախատեսված ճամբարում, իսկ ավելի ուշ 110-ամյա Լեյլային ու նրա հարսին հաջողվել է հասնել Աթենք:
Ընտանիքի վերամիավորման մասին երազող ու պայքարող Լեյլան չգիտի՝ ինչ անել: Արդեն հայտնի է, որ Գերմանիա նրա մուտք գործելու արտոնագիրը կտրվի ոչ շուտ, քան 2019 թվականը, սակայն ընտանիքի անդամները մտահոգված են՝ արդյոք տատիկը կապրի մինչև 2019թ.:
«Մենք չգիտենք, թե ինչ պետք է անենք: Մնանք այստե՞ղ, թե՞ փորձենք փախչել ու ի հեճուկս ամենի աշխատենք Գերմանիա հասնել», -ասել է Հալիլը:
Her documents say she was born in Kobane, Syria in 1907, but despite her age Laila Saleh made the journey across the Aegean to the Greek island of Lesbos in an inflatable boat hoping to reach her granddaughter in Germany before she dies pic.twitter.com/bescj0VqQm
— AFP news agency (@AFP) December 24, 2017