Հասունացել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ անելու ժամանակը. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «ԲԵԼՏԱ»-ին տված հարցազրույցում պատմել է եվրասիական ինտեգրման հիմնական միտումների, թվային օրակարգի, էներգապաշարների շուկաների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում սպասվող փոփոխությունների մասին:
Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում որոշակի փոփոխություններ անելու պահը հասունացել է:
«ԵԱՏՄ-ի 3 տարվա գոյության փորձն արդեն բացահայտել է խնդրահարույց պահերը, ԵԱՏՄ-ի իրավական հիմքը կազմող փաստաթղթերի նորմերի կիրառման առավելություններն ու թերությունները: Իմ կարծիքով՝ մենք անընդհատ պետք է կատարելագործենք պայմանագիրը»,-նշել է պաշտոնյան՝ նկատելով, որ տնտեսական դոկտրինը, ժամանակակից տնտեսության պարադիգմը փոփոխությունների ենթարկող զարգացումները չպետք է անտեսված մնան:
«ԵԱՏՀ-ի շրջանակում գործում է հատուկ խումբ, որն արդեն կազմել ու անդամ պետությունների հետ համաձայնեցրել է պայմանագրի փոփոխման մասին առաջարկները: Կարծում եմ՝ հաջորդ տարի մենք կառաջարկենք ԵԱՏՄ-ին անհրաժեշտ փոփոխությունների առաջին մասը: Որպես օրինակ՝ կարող եմ հիշեցնել, որ պայմանագրում ոչինչ չի ասվում թվային տնտեսության, թվային փոխակերպման մասին, մինչդեռ դա մեր կյանքը, տնտեսությունը, սոցիալական ոլորտն ու բառացիորեն ամեն ինչը փոխող ամենակարևոր գլոբալ միտումն է»,-շարունակել է նա՝ մանրամասնելով, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր թվային օրակարգը չձևավորելու դեպքում շուկայում կարող են ի հայտ գալ նոր խոչընդոտներ:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ թվային փոխակերպումն անհրաժեշտ է այլ երկրների շուկաների հետ մրցունակությունը պահպանելու, ինչպես նաև բիզնես գործընկերներին չկորցնելու համար: