Քննիչը նույն նախադասությունը դրել է բոլոր վկաների ցուցմունքներում. կուրսանտի սպանության գործով ամբաստանյալի պաշտպան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօր հարցաքննվեց գործով վկա Էրիկ Եղիկյանը, ով ասաց, որ ինքը կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սենյակում է քնել։ Դեպքի մասին իմացել է առավոտյան ննջասենյակում։
Ինչ վերաբերում է ամբաստանյալների բնութագրերին, ապա վկան ասաց, որ նրանք գերիշխող դիրք են ունեցել համալսարանում, երբեմն բացակայել են։ Ինչ վերաբերում է Հայկազ Բարսեղյանի հետ ամբաստանյալների հնարավոր հակասություններին, Էրիկ Եղիկյանն ասաց, որ Հայկազ Բարսեղյանը երբեմն տարբեր պատճառներով ուշացել է շարք կանգնելուց, երբ շարելու հերթը եղել է Վաչե Ազարյանինը։
«Այլ կոնֆլիկտներ չեմ տեսել»,-ասաց վկան։
Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ նշելով ամբաստանյալների կողմից այլ զինծառայողների նկատմամբ ճնշումների մասին։
Պաշտպանական կողմն առարկեց, սակայն դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքները, համաձայն որոնց՝ ամբաստանյալներին նկարագրելիս վկան ասել էր. «Նրանք գերիշխող դիրք ունեին, ամենագերիշխողը Վաչե Սահակյանն էր, իսկ Մովսես Ազարյանը լպիրշ էր, լկտի և լավ տղա ձևանալով՝ Վաչեի թևի տակ ինչ ուզում, անում էր»։
Սրա վերաբերյալ Մովսես Ազարյանի պաշտպանը հարցրեց, թե վկան ինքնուրո՞ւյն է գրել ցուցմունքը. «Այո, ես եմ գրել, ճնշումներ չեն եղել»։
Երբ պաշտպանը հարցը կրկնեց և հորդորեց անկեղծ պատասխանել, Եղիկյանն ասաց. «Ես եմ ձևակերպել, սակայն այն բառերը, որոնք գրական չէին, քննիչը գրական ձևն է ասել, գրել եմ»։
Ազարյանի պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց. «Այլ վկաների անուններ չեմ ուզում տալ, սակայն մի քանիսը նույնպես նույն նախադասությունը նույն ձևակերպմամբ գրել են։ Քննիչը նույն նախադասությունը «քոփի փեստ» արած դրել է բոլորի ցուցմունքներում»։
Ինչ վերաբերում է ճնշումներին, վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ մի անգամ Հայկազ Բարսեղյանին տեսել է, որ անձեռոցիկով փակել է բերանը, որտեղից արյուն էր գալիս։
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր նաև կուրսանտ Տիգրան Մանասերյանի հետ կռիվը, որի մասին դատարանում վկան չէր հայտնել. «Ժամանակ է անցել, մոռացել եմ։ Պնդում եմ նախաքննական ցուցմունքս»։
Վկայի հարցաքննությունն ավարտվեց, դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 15-ին։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին։
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին: