Հանրապետության բոլոր մարզերում խիստ բարձր ջերմային ֆոն է տիրում. սա կլիմայական անոմալիա է. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 5 օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը ոչ թե դադարելու է, այլ նույնիսկ ակտիվանալու. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` ՀՀ տարածքում նկատվող արևային եղանակը պայմանավորված է արևադարձային գոտիներից, մասնավորապես, Միջերկրական ծովի և Սիրիայի տարածքից արևադարձային տաք հոսանքների անդադար ներթափանցմամբ:
«Արդեն մոտ 10 օր է անդադար ներթափանցում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի հետևանքով խիստ բարձր ջերմային ֆոն է հանրապետության բոլոր մարզերում: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է գրեթե բոլոր հատվածներում 10-15 աստիճանով, որը կլիմայական անոմալիա է»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանի հաղորդմամբ` դեկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով:
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Սյունիքի հովիտներում հասնելով 18-20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում մինչև 15 աստիճանի, Արարատյան դաշտում մինչև 14 աստիճանի, մայրաքաղաքում նույնպես մինչև 14 աստիճանի: Այդ օրերին և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության հովտային գոտիներում կրկին ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 10-12 աստիճանով»,-ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ հանրապետության բնակավայրերի գրեթե ողջ տարածքում ձյան ծածկը բացակայում է` բացառությամբ առանձին բարձր լեռնային հատվածների՝ Ջերմուկ, Հրազդան,որտեղ որոշակի ձյան ծածկ կա:
Սպասել ձյան տեղումներ ամանորի գիշերը, թե ոչ, առայժմ, Սուրենյանի խոսքով, հայտնի չէ:
«Այս պահին չի երևում` ձյուն կլինի, թե ոչ ամանորին, բայց մինչև դեկտեմբերի 30-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ի պատասխան մարդկանց շրջանում եղած մտավախությանը, որ ձմռանը եղանակի տաքացումը կարող է ցնցումների պատճառ դառնալ, Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ։