Գաճաճ Ադրբեջանը, ինձ ձերբակալելով, նպաստեց Արցախում զբոսաշրջիկների թվի կրկնապատկմանը. Լապշինի նոր գրառումը
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում կրկին պատմել է ընթացիկ տարում 9 ամիս ադրբեջանական բանտում անցկացնելու դառը փորձի մասին:
«Ինձ բաժին էր ընկել դառնալ ադրբեջանական կլանների կեղտոտ քաշքշուկների ականատեսը, իմանալ Ալիևների ընտանեկան հակասությունների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ (երկրի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա-Tert.am) անձնական օդանավով, սեփական աչքով տեսնել ու լսել մուսուլմանական այս երկրում հանուն իշխանության ու նավթադոլարների տարվող գզվռտոցի, նրանց ռասիզմի ու արցախյան հակամարտության պատճառով ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլև առհասարակ այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ տածած ատելության մասին»,-գրել է Լապշինը՝ հիշեցնելով, որ իր դատավարության ընթացքում Բաքվի դատարանի առջև հավաքվածները հրեաների նկատմամբ բռնություններ գործադրելու կոչեր էին անում (Լապշինն ազգությամբ հրեա է-Tert.am):
Բացի այդ, Լապշինը պարադոքս է համարում այն, որ գաճաճ պետություն Ադրբեջանը, իր օրինակով փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, հասավ հակառակ արդյունքի ու նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն ի տարբերություն նախորդ տարվա կրկնապատկվի:
«Պարադոքս է, բայց գաճաճ Ադրբեջանը, փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, հակառակը՝ նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելի գրեթե երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարում»,-գրել է Լապշինը:
Բլոգերը մանրամասնել է, որ այդ զբոսաշրջիկների շարքում էին իր ընկերներից մի քանիսը, որոնք «հրաշալի երկրամասի՝ Արցախի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին հետաքրքիր ֆիլմ են նկարահանել»:
«Անպայման դիտեք, վստահ եմ, որ դուք ևս կցանկանաք այնտեղ այցելել»,-եզրափակել է Լապշինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մերձբալթյան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծված TravelBlog.lv նախագծի անդամները ճանապարհորդել են Արցախ, ինչի արդյունքում ստեղծվել է այդ ճանապարհորդության մասին պատմող հատուկ ֆիլմ, որի թրեյլերն արդեն հրապարակվել է համացանցում:
Նախագծի հիմնադիր Ալեքսանդր Ալիմովը պատմել է, որ այդ ճանապարհորդության իրականացման գլխավոր դրդապատճառ է հանդիսացել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Արցախ ուղևորությունն ու դրա հետևանքով Բաքվի բանտ ընկնելը:
«Եթե ձեզ Լեռնային Ղարաբաղ գնալու հնարավորություն ընձեռվի՝ ոչ մի վայրկյան չվարանեք: Հավատացե՛ք ինձ՝ դուք կվերադառնաք այլ մարդ դարձած», - գրել է Ալիմովը: