Թուրքիայում Աբդուլլահ Գյուլի նախագահ ընտրվելու դեպքում հնարավոր է սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց. թուրքագետ
2017 թվականը բավականին լարված է եղել Թուրքիայի համար. ամփոփելով անցնող տարում հարևան Թուրքիայի արտաքին և ներքին զարգացումները` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը:
Թուրքիայի ներքին կյանքի մասին խոսելիս նա, մասնավորապես, նկատեց, որ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո իրավիճակն այնտեղ ավելի լարվեց. բազմաթիվ ձերբակալվածներ, ճնշումներ և այլն:
Այս տարվա իրադարձություններից նա մատնանշեց ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության կազմակերպած «Արդարության» երթը: «Այն ընդդիմության համար աննախադեպ էր, բայց ոչ վճռական»,-ասաց նա՝ հավելելով՝ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն բավական խարիզմատիկ գործիչ չէ:
Հայկ Գաբրիելյանը նաև հիշատակեց՝ առաջիկայում՝ 2019 թվականին Թուրքիայում սպասվում են քաղաքական ընտրություններ՝ նախագահական, խորհրդարանական և նաև ՏԻՄ ընտրություններ: Դրան Թուրքիայում արդեն պատրաստվում են:
Նա մատնանշեց՝ նախագահական ընտրություններին հայտ է ներկայացրել մասնակցելու Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Մերալ Աքչեները, ով ազգայնական գործիչ է, հիմնել է «Լավ» կուսակցությունը, և ում առաջադրվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ Էրդողանի վրա այն առումով, որ երկուսն էլ իրենց քարոզարշավում շեշտը դնելու են ազգայնականների քվեները ստանալու վրա:
«Միակ մարդը, որը կարող է խանգարել Էրդողանին, Աբդուլլահ Գյուլն է»,- ասաց Հայկ Գաբրիելյանը՝ վերջինիս համարելով Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի ամենալուրջ մրցակիցը: Գյուլին, ըստ թուրքագետի, կսատարեն անգամ Էրդողանի կուսակիցները, որոնք հակասություններ ունեն նրա հետ, կսատարեն քրդերը: «Կարծում եմ՝ Աբդուլլահ Գյուլին կաջակցեն բոլոր հարևանները, այդ թվում՝ Արևմուտքը: Չեմ կարծում, որ Էրդողանն առաջին փուլի արդյունքներով կանցնի, իսկ երկրորդ փուլում Աբդուլլահ Գյուլն ավելի մեծ շանսեր կունենա հաղթելու»,- ասաց նա:
Նախկին նախագահ, ժամանակին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող Աբդուլլահ Գյուլի այս անգամ նախագահ ընտրվելու պարագայում, Հայկ Գաբրիելյանի խոսքով, հնարավոր է սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: