Թուրքական բանտից Հունաստան փախած Սևան Նշանյանը մեկնաբանել է Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձերի ծրագրման մասին տեղեկությունը
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի դիմելով թուրքական բանտից հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, մեկնաբանել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տարածված տեղեկությունները:
Twitter-ի իր պաշտոնական էջում Նշանյանը հրապարակել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ թեմայի վերաբերյալ տված հարցազրույցն ու նշել, որ Փայլանի հաղորդած տեղեկություններն արժանի են հատուկ ուշադրության ու ուսումնասիրման:
«Կարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ և շատ ուշադիր: Կարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից», - գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաև ինքն իրեն:
Հիշեցնենք, որ Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Փայլանը նշել էր, որ իրենք ունեն հետախուզական տեղեկատվություն, որ ներկա պահին գործունեություն են ծավալում մահափորձերն իրականացնել պատրաստվող երեք անձինք:
Հայտնի է, որ առկա վտանգի պայմաններում Գերմանիայում որոշ ստամբուլահայ մտավորականներ պետության հատուկ պաշտպանության տակ են առնվել: