Քաղաքացիների և պետական ծառայողների շփման տիրույթում էական փոփոխություններ կան. Արծվիկ Մինասյան
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով անցնող տարին, նշեց, որ հիմնական խնդիրները ախտորոշել են, ամրագրել են մինչև 2020 թվականների գործողությունները, որոնք ընթանում են:
Նա ասաց, որ նախանշված են 21 միջոցառումներ և 8 գերակա խնդիրներ, որոնք ևս ընթացքի մեջ են: «Այս բուն գործողություններում թե՛ օրենսդրական, թե՛ համագործակցության առումով ունենք առարկայական և էական արդյունք»,-ասաց նա:
Բնապահպանության նախարարն ասաց, որ էական փոփոխություններ կան քաղաքացիների և պետական ծառայողների շփման տիրույթում, որի նպատակն է նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Նա նշեց, որ եթե նախկինում թղթային և էլեկտրոնային շրջանառությունը 60/40 տոկոս հարաբերակցություն ուներ, ապա ներկայում էլեկտրոնային շրջանառությունը կազմում է 67 տոկոս։ Բացի այդ, դիմումների պատասխանների ժամկետները նվազել են:
Նա նշեց, որ 2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքները նպատակաուղղված են եղել կառավարության գործունեության և ռազմավարական նշանակության ծրագրերով բնապահպանության ոլորտի միջոցառումների կատարման ապահովմանը:
«Մեր նպատակն է որքան հնարավոր է շատ հանրությանը ներգրավել կառավարության ոլորտում: Բնապահպանության ոլորտում, ցավոք, շարունակում ենք տիրապետել ցածր էկոմշակույթի, և որքան շատ հանրության ներկայացուցիչները ներգրավված կառավարման համակարգում, այնքան ավելի շուտ կհասնենք առավել կայուն և վստահելի բնապահպանական քաղաքականության իրականացմանը»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ 2018 թվականին շատ աշխատանքներ ունեն անելու՝ միասնական հիմնարար փոփոխություններ իրականացնելու համար: