Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ վերջին տարիներին վարած քաղաքականությունն ու հայտարարել, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիության կազմում, հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Ավստրիայի կանցլերը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող անօրենություններն ու մարդու իրավունքների խախտումներն իր համար անընդունելի են և որ նա չի պատրաստվում պասիվ դիտողի դերում մնալ:
«Հատկապես վերջին տարիներին այդ երկրի վարած քաղաքականությունից ելնելով կարծում եմ, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում: Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը ԵՄ-ի կողմից ճիշտ ու արդար կլինի», - ասել է Կուրցը՝ շեշտելով, որ թեև ԵՄ շատ երկրներ այժմ պատրաստ չեն դրան, սակայն նա չի կորցնում հույսն այդ առումով:
Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ երկիրը դեմ է ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը, և այդ հարցում լիովին աջակցում է Գերմանիային: