Ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմից դատապարտյալները կռվում էին հենց ամենսկզբից, Ուկրաինայում բանտից դեպի առաջնագիծ սկսել են տանել այս տարվանից։ Երկու երկրներն էլ ակտիվորեն նոր օրենսդրական փոփոխություններ են ընդունում այս գործընթացը հեշտացնելու համար։
Ռուսական օրենքն այսուհետ թույլատրում է պատերազմ գնալու պայմանագիր կնքել ոչ միայն այն քաղաքացիներին, ում նկատմամբ քննությունն ավարտվել և վճիռը կայացվել է, այլև նրանց, ում գործը դեռևս դատարանում է։ Փաստացի, առաջնագիծ կարելի է գնալ քրեական հետապնդման բոլոր փուլերից։
«Դու ունե՞ք մարդ, ով կարող է ձեզ տասնամյա բանտարկությունից ազատել։ Ի՞նչ եք կարծում։ Երկու հոգի կան, որ կարող են հանել ձեզ այստեղից։ Ալլահը և Աստված՝ փայտյա տուփի մեջ։ Իսկ ես ձեզ կենդանի եմ ազատում։ Բայց միշտ չէ, որ կենդանի եմ վերադարձնում», – 2022-ի աշնանը բանտերից մեկի իր ելույթում ասել էր «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Այն ժամանակ դատապարտյալներին ներում էին խոստանում կես տարի ծառայության դիմաց։
2024-ի հունիսին «Մեդիազոնան» և ԲիԲիՍիի ռուսական ծառայությունը մեծ հետաքննություն էին հրապարակել, որի համաձայն, Պրիգոժինին հաջողվել էր առաջնագիծ տանել առնվազն 48 հազար դատապարտյալների։ 2023-ի մայիսին «Վագների» ղեկավարը զեկուցել էր 50 հազար պայմանագրային բանտարկյալների մասին։ Լրագրողները պարզել էին, որ պատերազմում զոհված առաջին դատապարտյալների մասին տեղեկությունները շրջանառվում էին սկսած 2022-ի հուլիսից։
2023 թվականի փետրվարին Պրիգոժինի թիմը գաղութներով անցնում էր արդեն երկրորդ անգամ։ Այս անգամ կամավորներն անհամեմատ ավելի քիչ էին, ինչի պատճառով Պրիգոժինը հայտարարել էր, որ դատապարտյալներին ներգրավելու իրենց առաքելությունը դադարեցվում է։
Կարճ ժամանակ անց բանտերից առաջնագիծ տանելու գործով զբաղվում էր ուղղակիորեն Պաշտպանության նախարարությունը։ Հիմնադրվել էին «Շտորմ Z» կոչվող հատուկ ստորաբաժանումները։ Վեց ամիս ծառայությունից հետո դատապարտյալները նախագահական համաներման էին արժանանում ու վերադառնում տուն։
Փորձագետները կասկածի տակ էին դնում այս գործընթացի օրինականությունը։ Իրավական խնդիրներից խուսափելու համար իշխանությունները սկսեցին նոր օրենքներ ընդունել։ 2023-ի ամռանը ընդունված օրինագծի համաձայն, Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու դեպքում դատապարտյալները պաշտոնապես ազատվում էին քրեական պատասխանատվությունից։ Մեղադրյալները, որոնց նկատմամբ դեռևս դատական վճիռ չկար, կարող էին համալրել «Շտորմ» ստորաբաժանումների կազմերը և խուսափել հետապնդումներից։ Արդեն իսկ գաղութում գտնվողներին պարբերաբար այցելում էին զինկոմիսարիատների ներկայացուցիչներն ու առաջարկում ազատություն՝ ծառայության դիմաց։ Դեռևս դատապարտյալի կարգավիճակ չունեցող քաղաքացին սկզբում փաստաթուղթ է ստորագրում այն մասին, որ համաձայն է պայմանագիր կնքել, հետո՝ արդեն հետապնդումից ազատված ժամանակ, կնքվում է պայմանագիրը ՊՆ-ի հետ։ Առաջին թուղթը ստորագրելուց հետո փոշմանելու դեպքում լրացուցիչ ծանրացնող հանգամանքներ չեն առաջանում, քանի որ իրավական պատշաճ կարգավորումներ չկան։ Որոշ դեպքերում մարդիկ հրաժարում են ռազմադաշտ գնալ նույնիսկ պայմանագիրը ստորագրելուց հետո։
«Առաջին հերթին հավաքագրում են անխիղճներին. մարդասպաններին, ծանր մարմնական վիրավորումների համար դատապարտվածներին, բռնարարներին, ռեցիդիվիստներին», – 2022-ի դեպտեմբերին պատմում էր իրավապաշտպան Օլգա Ռոմանովան։
«Մեդուզան» գրում է, որ վերջին երկու տարիների ընթացքում կալանավայրից առաջնագիծ գնացողների սոցիալական պորտրետը փոխվել է։ 2023-ի օրենսդրական փոփոխություններից հետո պատերազմ գնալով կարելի է ներում ստանալ անկախ կատարած հանցագործության ծանրությունից։
«Ընտրության ոչ մի չափանիշ չկա։ Հավաքագրվելու առաջարկով զրույցներ կազմակերպում են բոլոր դատապարտյալների հետ», – «Մեդուզային» պատմել է Մոսկվայում աշխատող փաստաբան Ալեքսանդրը։
Որոշ փաստաբաններ մեդիահարթակին ասել են, որ հաճախ են լսում դեպքերի մասին, երբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ՊՆ-ի հետ պայմանագրով ազատելու վերաբերյալ դատապարտյալներին ասում են ձևի համար, առանց համոզելու։ Հաճախ նույնիսկ փորձում են հետ պահել նրանց նման որոշումից։ Այս տարբերակով պատժից խուսափելու մասին կալանավորներին պարբերաբար հիշեցնելը, փաստացի, մտնում է նրանց աշխատանքային պարտականությունների մեջ։
Օրենքն իսկզբանե արգելում էր պայմանագիր կնքել այն դատապարտյալներին, որոնք մեղադրվում են ահաբեկչության, պետական դավաճանության, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Փաստաբանները, սակայն, բազմաթիվ դեպքեր գիտեն, երբ առաջնագիծ գնալով ազատվելու տարբերակն առաջարկվել է նաև այդ հոդվածներով կալանավորվածներին։
«Գաղութի ադմինիստրացիայի աշխատողը հարցնում է. «Ուզո՞ւմ ես պայմանագիր կնքել»։ Դատապարտյալն ասում է, որ ահաբեկչական հոդվածով է նստած, այդ օրենքն իրեն չի վերաբերում։ Բանտապանը նյարդայնանում է. «Դու նախ ասա՝ ուզո՞ւմ ես, թե՞ չէ։ Եթե ուզում ես, մենք էդ հարցը կլուծենք»», – իր պաշտպանյալին մեջբերում է «Մեդուզայի» հետ զրուցած փաստաբաններից մեկը։ Որոշ դեպքերում առաջնագիծ գնալ առաջարկում են անգամ այն մարդկանց, որոնք բանտում հայտնվել են զինկոմիսարիատ հրդեհելու համար։
Փաստաբան Ալեքսանդրը նշել է նաև մի քանի դեպք, երբ կալանավորը չի կարողացել պայմանագիր կնքել. «Նա դատապարտված էր խմբակային առանձնակի դաժանության սպանության մեղադրանքով։ Մի առանձնահատկություն ուներ. ամբողջ մարմինը ծածկված էր նացիստական դաջվածքներով։ Չէին թողնում պայմանագիր կնքի ՊՆ-ի հետ։ Մի քանի անգամ գրել է ինձ, խնդրել է օգնել, կազմակերպել։ Ինչ-որ պահի երևի ցանկացողները շատ էին քչացել, իմացա, որ ամեն դեպքում թույլատրել են»։
Փաստաբանները պատմում են դեպքերի մասին, երբ մարդը դատապարտվել է թեթև հանցագործության համար, ազատազրկման ժամկետը հինգ տարուց քիչ է, բանտային պայմանները սարսափելի չեն, պայմանագիր կնքելու համար ոչ ոք չի ճնշում, բայց միևնույն է ինքնակամ դիմում են առաջնագիծ գնալու համար։
«Ես պատկերացնում եմ, ինչպես է դա լինում։ Մարդը բանտում է, կամ քննչական մեկուսարանում։ Սահմանափակ ինֆորմացիա ունի։ Չի կարող Google մտնել ու նայել օրենքի կետերը։ Իրավաբանական գիտելիքներ չունի։ Զարմանալի չէ, որ շատերը չեն կարողանում ճիշտ գնահատել ռիսկերը, համեմատել իրենց ազատազրկման պայմանները պատերազմ մեկնելու հետ։ Չեն կարողանում նորմալ պատկերացնել այս օրենքը, հատկապես, որ այն փոփոխվում է գրեթե ամեն շաբաթ», – բացատրում է իրավաբան Սվետլանան։
Փաստաբանի հետ խորհրդակցելու և մանսագիտական կարծիք լսելու հանարվորություն ունենում են ոչ բոլորը։ Բանտային ադմինիստրացիաների աշխատակիցները իրավունք չունեն ՊՆ-ի հետ համագործակցություն առաջարկել առանց փաստաբանի ներկայության, բայց հիմնականում հենց այդպես էլ անում են։
Փաստաբանները հաճախ այս մասին իմանում են արդեն պայմանագիրը ստորագրելուց հետո։ Քննչական մեկուսարաններում պահվողների համար իրավաբանական խորհրդակցությունն էլ ավելի անհասանելի է, հատկապես այն դեպքերում, երբ մարդը օգտվում է պետության կողմից հատկացված փաստաբանի ծառայություններից։ Որոշ դեպքերում փաստաբաններին ապօրինաբար արգելում են այցելել մեկուսարանում գտնվողներին։ Փաստաբանները նշում են, որ մեղադրյալներին բուկլետներ ու այլ թղթեր են տալիս, հետո բանավոր կարճ ներկայացնում պայմանները։ Փաստաթղթերը ոչ ոք նորմալ չի կարդում, հավատում են բանավոր խոսքին։
Պրիգոժինը դատապարտյալներին առաջարկում էր ազատություն՝ կես տարի ծառայության դիմաց։ Վերջին օրեքները վաղուց այլ պայմաններ են առաջարկում։ Սկզբում կես տարին փոխարինվեց մեկ տարով, այժմ խոսվում է «մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը» ծառայելու մասին։ Պայմանագիրը ստորագրող կալանավորներից շատերը նոր պայմանների մասին չգիտեն. ստորագրում են, կարծելով որ ստիպված են առաջնագծում մնալ կես տարի։ Հավաքագրողներն անձնական զրույցներում, իհարկե, ճոխացրած ներկայացնում են միայն դրական կողմերը։
«Մեկուսարանում գտնվողներին ասում են. «Խիստ վճիռ են կայացնելու։ Կին ունես, երեխաներ։ Չես կարողանալու օգնել իրենց։ Կենսագրությունդ փչացրել ես, էլ երբեք նորմալ փող չես աշխատի։ Մենք առաջարկում ենք արագ ծառայես, ընտանիքիդ համար փող աշխատես, մեղքերդ ներվեն, հերոսի փառքի արժանանաս։ Կվերադառնաս «կռասավչիկի» պես, կյանքդ նոր էջից կսկսես, նույնիսկ փող կունենաս», – պատմում է փաստաբան Սվետլանան։
The post Առաջնագիծ են տանում նաև զինկոմիսարիատ պայթեցնողներին first appeared on Epress.am.