Տարիներ առաջ մի վավերագրական ֆիլմ էի դիտում ստալինյան բռնաճնշումների մասին։ Ավելի ճիշտ՝ ազգի դավաճան հռչակվածների կանանց և երեխաների ճակատագրի մասին։ Ֆիլմի հիմնական նյութը այս կանանց և նրանց երեխաների միջև նամակագրությունն էր։ Լաթի կտորներից կարված խաղալիքները, որ նամակների հետ երեխաներին փոխանցել էին մայրերը, երկու ատամ սխտորը, որ, իբր, պիտի փրկեր փտախտից, հորինված հեքիաթները, հոր որպիսության ու ողջության մասին սուտ լուրերը ու շատ այլ զգայական բաներ։ Բայց մի նամակ ամենից շատն էր ցնցել ինձ․ մայրը իր աղջկան գրում էր՝ «Խոստացիր, որ ամեն օր կլվանաս ատամներդ»։
Չէր գրում՝ «Խոստացիր, որ կդիմանաս», «Խոստացիր, որ կուտես ինչ կգտնես», «Խոստացիր, որ չես մեռնի»։ Գրում էր՝ «Խոստացիր, որ կլվանաս ատամներդ ամեն օր»։ Թվում է՝ աբսուրդի հասնող խնդրանք է, բայց երբ սկսում ես մտածել․․․ Այս կինն իր աղջկան խնդրում էր պահպանել մարդկային արժանապատվության վերջին նշույլը, համակարգում, որը կոչված էր սպանել ամեն մարդկայինը, անհատականը։ Համակարգում, որ մարդուն ուղղակի կենդանի էր դարձնում՝ կտրելով տնից, ընտանիքից, հիշողությունից։
Ամեն օր լվա ատամներդ․․․
Օրեր առաջ գնացել էի սպասքի մի սիրուն խանութ՝ ընկերուհուս համար նվեր ընտրելու։ Ինձ դիմավորող վաճառողուհու խոսքի փափուկ «ս»–երից միանգամից հասկացա՝ արցախցի է։ Իրար հետ շրջեցինք, նայեցինք, որոշեցինք։
Հարցրեց՝ ձեզ համար եք գնո՞ւմ։ Ասացի՝ չէ, բայց սիրելի մեկի, դրա համար ուզում եմ՝ ամենալավը լինի։
Ընտրեցինք քնքուշ ճերմակ սպասքը՝ կապույտ ծաղիկներով։
Վաճառողուհին խնդրեց մի քանի րոպե սպասել, մինչև կփաթեթավորի այն։ Սպասեցի։ Երբ վերադարձավ առանց երկար–բարակ մտածելու ու անզգուշաբար ուղղակի հարցրեցի՝ սա վերջինը չէր չէ՞։ Ասաց՝ ոչ, էլի եք ուզո՞ւմ։ Ասացի՝ դեռ ոչ, մեր տունը դեռ պատրաստ չէ, բայց հենց լինի, կգամ, մեր տան համար էլ կվերցնեմ։
Վաճառողուհին ժպիտը դեմքին ասաց՝ «ես այլևս տուն չունեմ, բայց ես էլ եմ սրանից գնել»։ Ու սիրտս կոտրվեց։ Տարուց ավելի զսպված լացը սկսեց ինքն իրեն։ Ու երկուսով լաց եղանք խանութում՝ այդ կնոջ տան, ընտանիքի ու հիշողության համար։
Առաջին հայացքից այս երկու պատմություններն իրար հետ կապ չունեն, բայց ինձ համար դրանք շատ նման են՝ ամեն մարդկայինը գիտակցաբար սպանել ցանկացող համակարգի դեմ ամենապարզ արժանապատվությունը պահելու մասին։
Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: