Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ նրա նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա չորրորդ հերթական նիստը:
ՏԱՍՍ-ը նշում է, որ նիստի օրակարգում ինտեգրման հետագա խորացման, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերն են։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ՝ նշելով, որ Հայաստանին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Փաշինյանը Մոսկվա է մեկնել ՀԱՊԿ-ի հետ Երևանի շարունակական լարվածության պայմաններում։ Այս ամսվա սկզբին խորհրդարանում վարչապետը հայտարարեց, թե արդեն իսկ Հայաստանը համարում են այդ դաշինքից դուրս։ Փաշինյանը նաև հակադարձել էր Ռուսաստանի նախագահին, ով պնդել էր, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել 2020-ի Արցախյան պատերազմին, քանի որ Ղարաբաղը Հայաստանի տարածք չէր:
«Ամենայն հարգանքով Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք և աշխատում ենք միասին, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում», - հայտարարել էր Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը հիշեցրել էր՝ ՀԱՊԿ-ը հրաժարվել է արձագանքել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումներին, որոնք տեղի են ունեցել 2021-ին և 2022-ին։
«Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և ես կարծում եմ, որ մենք էնտեղ անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք», - հայտարարել էր Փաշինյանը։
ԵԱՏՄ ղեկավարների այսօրվա հավաքից ժամեր առաջ պաշտոնական Մոսկվան պնդել է, թե հնարավոր ամեն ինչ անում է և կանի 2020-23 թվականների հայ-ռուս-ադերբեջանական պայմանավորությունները կյանքի կոչելու համար։
Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչպես նաև հանդես են գալիս հնարավորինս շուտ հայ-ադրբեջանական սահմանագծման օգտին։
Ի դեպ, մի քանի օրից՝ դեկտեմբերի 25-ին նախատեսված է նաև ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս միջոցառումը որոշվել է անցկացնել ոչ թե կառույցը նախագահող երկրի մայրաքաղաք Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանել էր, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել։
«ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», - հայտարարել էր վարչապետը, սակայն չէր պարզաբանել, թե ԵԱՏՄ որ անդամին նկատի ունի՝ թերևս ակնարկելով Բելառուսին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել: Այդ հայտարարությունից հետ Հայստանի ԱԳՆ բողոքի հայտագիր ներկայացրեց Մինսկին, ապա Երևանը Բելառուսից հետ կանչել իր դեսպանին, ինչին հետևեց Մինսկի հայելային պատասխանը։